Այս տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների ամենամեծ ձախողումը, թերեւս, արտագաղթի ծավալների սոսկալի աճն է. Հայաստանն այսօր դատարկվում է մեծ տեմպերով: Դա երեւում է անզեն աչքով, դրա մասին խոսում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: Միայն թե, երբ հերթը հասնում է պատասխանատվությանը, իշխանությունները ոչ մի գնով չեն խոստովանում, որ այս ամենն իրենց վարած քաղաքականության հետեւանքն է:
Երեկ արտագաղթի թեման բարձրացվեց նաեւ խորհրդարանում. կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, խոսելով արտագաղթի տեմպերի մասին, հայտարարեց. “Հայաստանից միգրանտների միջին տարեկան արտահոսքը, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, վերջին 10 տարում մոտ 20-25 հազար է”: Ըստ նրա, սակայն, հստակ թվեր հրապարակել հնարավոր չէ, քանի որ մեթոդաբանական խնդիրներ կան. “Միակ տեղեկատվական աղբյուրը օդանավակայանից եւ Բավրայի ու Բագրատաշենի մաքսային կետերից ստացվող տեղեկություններն են, սակայն մեթոդապես դժվար է գնահատել, թե այդ հոսքերի որ մասն են կազմում միգրանտներըե:
Հասկանալի է, որ իշխանություններն այսպես պարզապես փորձում են մեղմել իրավիճակը: Մինչդեռ ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը տարեցտարի ավելի է մեծանում: Ու սա հենց այս իշխանությունների հրապարակած տվյալներով: Օրինակ՝ ըստ ՀՀ միգրացիոն ծառայության՝ 2007թ. մեկնողներից Հայաստան չի վերադարձել 3 հազար 223 մարդ, 2008թ.՝ 23 հազար 59 մարդ, 2009թ.՝ 24 հազար 978 մարդ: 2010թ. ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թիվը կազմել է 57 հազար 240, իսկ 2011թ.` 49 հազար 126 ՀՀ քաղաքացի: Այս տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում միգրացիայի ցուցանիշը կազմել է ավելի քան 89 հազար մարդ. խոսքը կրկին ՀՀ քաղաքացիների մասին է: Ու դժվար չէ ենթադրել, թե 2012թ. տարեվերջին ինչ պատկեր կունենանք. այս տարի ՀՀ-ից հեռացածների թիվը գերազանցելու է նախկինում գրանցված բոլոր ցուցանիշները: Ի դեպ, միգրացիայի մասին են անուղղակի կերպով վկայում նաեւ այլ ցուցանիշներ, օրինակ՝ դպրոցներում աշակերտների թվի նվազումը:
Ինչպես տեսնում եք, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում բացասական այս ցուցանիշն ավելի է խորացել: Ակնհայտ է՝ այդ քաղաքացիների մի մասը մեկնել է կա՛մ արտագնա աշխատանքի, կա՛մ օտար երկրում մշտական բնակություն հաստատելու: Ասել է թե` այդ մարդիկ արտագաղթել են: Ու այսքանից հետո ԱԺ ամբիոնից ներկայացված հեքիաթները գրոշի արժեք չունեն:
Մեկնաբանելով այս իրողությունը` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Այդ ամենը սոցիալ-տնտեսական սխալ քաղաքականության հետեւանք է: Մենք բազմիցս ասել ենք այդ մասին: Երկրին անհրաժեշտ են լրջագույն, համակարգային փոփոխություններ: Եթե նույն թիմը շարունակում է նույն սխալ քաղաքականությունը, ապա այդ ճանապարհն առ ոչինչ է: Ու պետք չէ այստեղ թմբկահարել միջազգային ինչ-որ կառույցների գնահատականները: Իսկ եթե դրանց մասին խոսվում է, ապա պետք է խոսել նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների հրապարակումների մասին, որոնք մտահոգիչ են համարում երկրաչափական պրոգրեսիայով աճող արտաքին պարտքը”: Նա խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել ոչ թե այս կամ այն վարկանիշային կազմակերպությունների թվերին, այլ երկրի իրական պատկերին:
Հ.Գ. Ի դեպ, երեկ խորհրդարանում խոսվեց եւս մեկ բացասական ցուցանիշի մասին. ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանը հարցրեց, թե Ռուսաստանից վերցրած մեծածավալ վարկն ինչու է ուղղվել բանկային, ֆինանսավարկային ոլորտ: “Այլ պետությունից թանկ վարկ են վերցնում, տալիս են բանկային սեկտորին` որպես ռեսուրս”,-ասաց Բարգրատյանը: “Տրամաբանությունը սա է, վերցնում է կառավարությունը, տալիս է սուբյեկտներին, որ նրանք տան վարկ: Կառավարությունը վերցնում է գումարը եւ սահմանում է ուղղությունը, որով պետք է գնա: Դա կլինի արտահանում, մանր ու միջին բիզնեսի զարգացում: Կենտրոնական բանկը սահմանում է չափանիշները, եւ արդեն բանկն է որոշում՝ ում պետք է տա եւ ինչ պայմաններով”,-ի պատասխան՝ պարզաբանեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: “Այդ ինչպե՞ս է լինում, որ տնտեսությունը 15 տոկոս անկում է ունենում, իսկ բանկերը՝ 50 տոկոս աճ”,-հակադարձեց Հ. Բագրատյանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ