Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է իր տարեկան զեկույցը: Զեկույցում օմբուդսմենը ներկայացրել է բոլոր ոլորտներում տեղի ունեցած դրական տեղաշարժերը, թերությունները, բացթողումները: Armlur.am-ը ներկայացնում է Դատախազության վերաբերյալ Օմբուդսմենի գնահատականը` որոշակի կրճատումներով:
Ըստ զեկույցի` Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վերհանելու և կանխելու ուղղությամբ: Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ անձը որպես վկա հայտնած տեղեկությունների հիման վրա կարճ ժամանակ անց նույն գործով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ, ինչի պատճառով խախտվել է վերջինիս լռելու իրավունքը, ինչպես նաև` անմեղության կանխավարկածը:
Դատախազությունը մի շարք դեպքերում չի ապահովել հետաքննության և նախաքննության մարմինների, այդ թվում` Ոստիկանության, Քննչական կոմիտեի կողմից հաղորդումների քննարկման ժամկետի պահպանումը, դրանք քննարկելիս օրենքով սահմանված որոշումներից մեկի կայացումը, քրեական գործերով պատշաճ քննության իրականացումը:
2014 թվականի ընթացքում նույնպես պատշաճ չի ապահովվել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասների և անաշխատունակների՝ պետության միջոցների հաշվին խնամքի իրավունքը:
Արդեն մի քանի տարի Պաշտպանը բարձրաձայնում է ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև` քննությունը անհիմն ձգձգելու խնդիրները:
Զեկույցում նաև նշվում է, որ Դատախազության ոչ պատշաճ հսկողության հետևանքով քննիչների կողմից քաղաքացիներին չի տրամադրվել բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշումը, ինչը հանգեցրել է անձանց` դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի ոտնահարմանը:
Դատախազությունը չի ապահովել իր գործունեության թափանցիկությունը, այդ թվում` բազմաթիվ դեպքերում խախտել է քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը` չպատասխանելով ներկայացված հաղորդումներին, դիմումներին, չտրամադրելով օրենքով սահմանված այլ տեղեկություններ:
Օմբուդսմենի տարեկան զեկույցին մանրամասն կարող եք ծանութանալ այստեղ: