ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՀԻ ՊՈՉՆ ԷԼ Է ՄԱՀԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քաղբանտարկյալների թիվը երեկ հինգով ավելացավ: Առավոտյան լուրեր ստացվեցին, որ ՀՀ իրավապահները սկսել են ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմին: Միաժամանակ խուզարկություններ էին ընթանում նախաձեռնության երեւանյան եւ մի քանի մարզային գրասենյակներում ու բերման ենթարկվածների բնակարաններում: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները հինգն են՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գեւորգ Սաֆարյան եւ Գարեգին Չուքասզյան: «Ժողովուրդ»-ը դեռեւս մարտի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ ղեկավարությունը հրահանգել է առնվազն մինչեւ ապրիլի վերջը մեկուսացնել Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա կողմնակիցներից մի քանիսին: Սակայն հարց էր, թե ինչպես էին դա անելու: Ինչպես ցույց տվեց ժամանակը՝ բոլոր սադրանքները, այդ թվում քրեական տարերի ներգրավմամբ, օգուտ չտվեցին: Ուստի միակ հույսը, ինչպես միշտ, մնաց փորձառու Աղվան Հովսեփյանի երեւակայությունը, որն էլ գործի է դրվել: Չէ՞ որ Հովսեփյանը գործեր է սարքել «սովետների» ժամանակ, ԽՍՀՄ-ի, ՀՀՇ-ի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Դա եղել է նրա գլխավորած իրավապահ կառույցի առջեւ դրված գերագույն պայմանը:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սէֆիլյանի եւ նրա թիմակիցների տանը խուզարկության ժամանակ իրավապահները հիմնականում գտել են մահակներ: Իսկ թե դրանք ինչ տեսք ու վտանգավորություն ունեն, մեկնաբանության հարց է: Հարկ եղած դեպքում նույնիսկ «պոլիփեդ» պահելու համար կարելի է մարդուն զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք առաջադրել: Ի վերջո, Աղվան Հովսեփյանն այդ փորձը կիրառել է դեռ 2008-ին՝ հարյուրավոր քաղաքացիների լցնելով բանտերը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլեւս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը: Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի եւ ո՛չ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել ԱԺ-ում իր օգնական Վահագն Գեւորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ` այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչեւ վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը: Սա եւս վկայում է այն մասին, որ Ս. Սարգսյանը ապաքաղաքական Ծառուկյանին վերադարձրել է նրա «ազատությունը»:

 

 

 

 
Հայաստանի իրողության մաս է դարձել այն, որ տեղական ինքնակառավարման մարմինները՝ մասնավորապես մարզերի քաղաքապետարանները, իրենց համայնքի մաքրության եւ արտաքին տեսքը կարգի բերելու մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ իմանում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է իրենց քաղաք այցելել: Նման հերթական դեպքն այժմ Արարատի մարզի Մասիս քաղաքում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Մասիսի Երեւանյան փողոցի բնակիչներին եւ անվճար մոխրագույն ներկ բաժանել` պահանջելով, որ երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տների արտաքին հատվածները, քանի որ ըստ նախատեսվածի՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանը կարող է գալ իրենց քաղաք եւ հենց այդ ճանապարհով անցնել: Ի դեպ, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ներկը քաղաքապետարանի միջոցներով չեն գնել, այլ ինչ-որ բարերար է իրենց տվել:

 

 

 

 
Բախտի բերմամբ կամ պատահմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար դարձած Արտեմ Ասատրյանը բավականին համեստ ունեցվածք է հայտարարագրել: Նա օրենքով պարտադրված գույքի եւ եկամուտների՝ 2014 թվականի տարեկան հայտարարագրում լրացրել է, որ անցած տարի ունեցել է 6 միլիոն 95 հազար դրամի եկամուտ: Ընդ որում, սա նախարարի մեկ տարվա աշխատավարձն է: Հավելենք, որ Արտեմ Ասատրյանը հայտարարագրել է նաեւ 31 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոց: Ի դեպ, 2014 թվականի տարեսկզբին նրա դրամական միջոցները եղել են 30 միլիոն դրամ: Նկատենք, որ նախարարն այդպես էլ պաշտոնական փաստաթղթում չի նշել, թե նախորդ կառավարության օրոք եվրոպական մի ծրագրով արտագաղթը կանխելու համար ստացված 1 մլն եվրո դրամաշնորից ինչքա՞ն մասնաբաժին է ունեցել: Ինչպես հայտնի է՝ այդ ծրագրի իրականացումից հետո մեր երկրում արտագաղթի տվյալներն աճի ավելի ողբերգական պատկեր ստացան: Բա ո՞ւր կորան այդ գումարները:

 

 

 

 

 

 

ԹԱՓԱՆՑԻԿ ԶՐՈՒՅՑ

Սերժ Սարգսյանը նախօրեին «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանին հուզող հիմնախնդիրներին` սկսած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ սպասվելիք միջոցառումներից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, ավարտած ՀՀ-ի տնտեսական խնդիրներով եւ ԵՏՄ-ում սպասվող հեռանկարներով:
Այս շարքում ամենաուշագրավը, սակայն, Սերժ Սարգսյանի անդրադարձն է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որն ըստ նրա՝ Հայաստանի համար բացում է լավ հեռանկարներ. «Հակառակ դեպքում Հայաստանը չէր անդամակցի այդ միությանը»,- վստահեցրել է Սարգսյանը` կրկին ընդգծելով, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ «մենք դառնում ենք 170-միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ նվաճում է»: Իհարկե, բավականին զավեշտալի են Ս. Սարգսյանի ճիգերը` ռուս լսարանին համոզելու, թե իբր Հայաստանը ընտրություն ուներ եւ կարող էր չանդամակցել ԵՏՄ-ին: Թեեւ Ս. Սարգսյանը նաեւ անկեղծորեն խոստովանում է. «Ցանկացած այլ հանգամանքներում այն դժվարությունները, որոնք այսօր առկա են, կլինեին շատ ավելի»: Պարզ է, որ դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում պետք է հասկանալ, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում Ռուսաստանը փոքրիկ Հայաստանին պարզապես «կսատկացներ» (սա, ի դեպ, Սարգսյանի երբեմնի սիրած բառն է, որը նա կիրառում էր ընդդիմության հասցեին), մինչդեռ հիմա պրծնում ենք ընդամենը տնտեսական երկարաժամկետ ճգնաժամով:
Ս. Սարգսյանը նաեւ հայտարարում է. «ԵՏՄ-ի գործունեությունը հիմնված է թափանցիկ սկզբունքների եւ կողմերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա»: Ինչ խոսք, այստեղ էլ է նա բավականին անկեղծ, ի վերջո, Աստանայում կայացած հանդիպմանը ԵՏՄ 3 անդամ երկրների ղեկավարները ՀՀ-ի նկատմամբ արհամարհանքը դրսեւորեցին բավականին թափանցիկ կերպով, իսկ մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը ի ցույց է դրվում հենց այս օրերին Մոսկվա հրավիրված ՀՀ արտգործնախարարի գործունեությունը համակարգելու մասին ռուսական կողմի անթաքույց հայտարարությամբ:
Հայկական արտաքին քաղաքականության` ՌԴ-ի կողմից համակարգմանն անդրադարձել է նաեւ Ս. Սարգսյանը` շեշտելով, որ Հայաստանը միշտ էլ աջակցել է Ռուսաստանին միջազգային հարցերում: «Համենայնդեպս, մինչ օրս որեւէ մեկը չի կարող օրինակ բերել, երբ մենք ձգտել ենք խուսափել մեր ուղղակի պարտավորությունների կատարումից»,- արդարացել է նա` հավանաբար ՌԴ-ի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու հարցով ՀՀ-ի պատվիրակության վերջին սկանդալային քվեարկության հետ կապված` միեւնույն ժամանակ այդպես էլ համարձակություն չունենալով Ռուսաստանին հիշեցնել իր պարտավորությունների մասին, այդ թվում եւ դաշնակից պետության անվտանգության դեմ քայլեր չկատարելու եւ Ադրբեջանին զենք չվաճառելու մասով:




Լրահոս