Թուրքիան ոչ մի պատճառ չունի ճանաչելու Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանությունը , քանի որ «երկրի պատմության մեջ երբեք ոչ մի նման բան չի եղել»:
«Թուրքիան երբեք չի ընդունի ցեղասպանության նման մեղքն ու հանցագործությունը»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով այսօր Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման քննարկումները, փոխանցում է «Հյուրիյեթը»:
«Ինչո՞ւ ենք մենք պաշտպանվողական դիրք ընդունել: Ցեղասպանության նման ամոթը, ստվերը քննարկումից դուրս է»,- ասել է Էրդողանը:
էրդողանը նաև ցինիկաբար հայտարարել է. «Եթե Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունի, դա մեր մի ականջից կմտնի, մյուսով դուրս կգա: Քանի որ Թուրքիայի համար հնարավոր չէ ընդունել այդպիսի հանցագործությունը, այդպիսի մեղքը»:
Էրդողանը նաև հիշել է, որ ժամանակին Թուրքիան կարող էր արտաքսել բոլոր ապօրինի հիմունքներով Թուրքիայում աշխատող հայերին: Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայում ապրում է Հայաստանի 100 հազար քաղաքացի:
Էրդողանը նշել է, որ չի կարող ասել, թե ինչ բանաձև կընդունի Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին: