Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիեյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Հ3 հեռուստաընկերության «Շաբաթ երեկո» հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից բարձրաձայնվել են գնահատականներ Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների վերաբերյալ, որոնց անդրադառնալով՝ կփորձենք լրացնել տեղեկատվության հնարավոր բացը և հանրության համար ցրել դրա խեղաթյուրված արտացոլումը:
Մասնավորապես, հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից նշվել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են խորը փակուղու մեջ:
Այնինչ ակնհայտ է, որ վերջին ամիսներին խիստ ակտիվացել են Հայաստան-ԵՄ տարբեր մակարդակներով, տարբեր կառույցների և ոլորտների ընդգրկմամբ քննարկումները, որոնց արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակ կձևավորվի, ներառելով ինչպես քաղաքական երկխոսության, արդարադատության, միջազգային անվտանգության, այնպես էլ ոլորտային և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող բաժիններ: Այն կուրվագծվի Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն համագործակցության նոր, առավել ընդգրկուն փուլ:
Երկկողմանի ակտիվ և համակարգված աշխատանքների մասին են վկայում Եվրոպական Միության և Եվրոպական Հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները, մասնավորապես 2015թ. մարտի 25-ին Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցչի և Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված 2014թ. Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ Համատեղ հաղորդագրությունում և դրան կից ԵՀՔ երկրների առաջընթացի ու հարևանության երկու տարածաշրջանների վերաբերյալ ընդհանուր զեկույցներում:
Հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից հայտարարվել է նաև, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն կառույցը, որը պատասխանատու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ինչպես նախկինում, այժմ էլ պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության համար: Միաժամանակ, ելնելով թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ հետ ավելի սերտ համագործակցության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների արդյունավետ համակարգման անհրաժեշտությունից, ՀՀ Նախագահի 2015թ. փետրվարի 10-ի թիվ ՆՀ-206–Ն հրամանագրով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը վերապահվել է այս ոլորտում համակարգման գործառույթ: Վերջինս ըստ սահմանված օրակարգի իրականացնում է նախանշված աշխատանքները, այդ թվում ՀՀ և ԵՄ միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի իրավասու մարմինների աշխատանքների համակարգումը:
Նախարարության գործունեության ակներև արդյունք է ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրում քաղաքական երկխոսությունից բացի նաև առևտրատնտեսական բաղադրիչի ներառումը:
Ամփոփելով, հայտնում ենք, որ Նախարարության գործունեության արդյունքում ամրապնդվում և առավել արդյունավետ ու համակարգված են դառնում արդեն իսկ հաստատված կապերը, ինչպես նաև նախանշվում են միջազգային տնտեսական ինտեգրման նոր համագործակցության հնարավորություններ: