Կլինիկական օրդինատորների հետ քննարկվեցին կադրային հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց ՀՀ Լոռու մարզի, Երևանի և Ջավախքի 36 կլինիկական օրդինատորների հետ, ովքեր կրթություն են ստանում Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 21 մասնագիտություններով:

Հանդիպման առանցքում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտների մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու պայմաններ ստեղծելու թեման էր:

«Այսօրվա մեր հանդիպումն ավանդական է, քանի որ մենք նպատակ ունենք բոլոր մարզերի ռեզիդենտների և կլինիկական օրդինատորների, նրանց հետագա աշխատանքի, մասնագիտացման պայմանների վերաբերյալ շարունակական քննարկումներ ունենալ և համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նման հանդիպումները խնդիրներն ու առաջարկներն ամփոփելու, քաղաքականությունը մշակելու, կադրային հարցերը վերհանելու և դրանց լուծումները ուրվագծելու լավ հնարավորություն է:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպումը նախաձեռնելու համար:

«Ուզում եմ հավաստիացնել, որ այն ուսանողները, ովքեր կցանկանան իրենց մասնագիտական գործունեությունը շարունակել մեր մարզում, կստեղծվեն անհրաժեշտ բոլոր` այդ թվում բնակարանային, կենցաղային պայմանները»,- ասաց Սամվել Լամբարյանը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն էլ հայտնեց, որ նախարարությունը պատրաստակամ է համատեղ քայլեր իրականացնել և բուհն ավարտած մասնագետների համար մարզում աշխատանքը գրավիչ դարձնել:

Խորհրդակցությանը ներկա էին նաև Սպիտակի. Տաշիրի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի բժշկական կենտրոնների ղեկավարները, ովքեր պատասխանեցին կլինիկական օրդինատորների հնչեցրած հարցերին, ինչպես նաև տեղում հանդես եկան առաջարկներով:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը, ով ի դեպ, մասնագիտական իր ուղին սկսել է հենց Վանաձորից` աշխատելով շտապօգնության ծառայությունում: Ներկայացնելով երիտասարդներին իր փորձը նա շեշտեց, որ մարզում աշխատանքն առաջին հերթին բարձրացնում է պատասխանատվության զգացումը:

Նախարարը արդեն իսկ Վանաձորի բժշկական կենտրոն աշխատելու մեկնած, սրտաբան Կարեն Պողոսյանին առաջարկեց մասնագիտական հմտությունները խորացնելու նպատակով ընդգրկել պետության կողմից 2015թ. բյուջեով առաջին անգամ նախատեսված արտերկրի առաջատար կլինիկաներում վերապատրաստման ծրագրում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով հագեցման խնդիրին, թիմային աշխատանքին: Կլինիկական օրդինատորները հետաքրքրվեցին մարզերում նոր ծառայություների համալրման, գիտական գործունեությունը կլինիկականի հետ համատեղելու, ինչպես նաև այլ հարցերով: Կարևորվեց նաև բժշկի պաշտպանվածության հարցը` մասնագիտական պատականությունները կատարելիս: Քննարկվեցին նաև հանրային առողջապահական, բժշկական էթիկային վերաբերող մի շարք հարցեր:

Եզրափակելով քննարկումը` ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անմիջական շփման համար: Նա ընդգծեց երիտասարդների շարունակական բժշկական կրթության զարգացման ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը` մաղթելով բազում մասնագիտական հաջողություններ:




Լրահոս