Մանախը խնդրում է Սերժ Սարգսյանին թույլ տալ իրեն ապրիլի 24-ին գտնվել Ծիծեռնակաբերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ քաղբանտարկյալ Արթուր Այվազյանի (Մանախ) հարազատները Armlur.am-ին են փոխանցել դատապարտյալի բաց նամակը` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում ասվում է. «Պարոն Նախագահ, ես` քաղաքական բանտարկյալ Արթուր Այվազյանս, այս բաց նամակը հասցեագրում եմ անձամբ Ձեզ, քանի որ համոզված եմ, որ նամակումս արծարծված խնդրանքին այս պահին կարող եք լուծում տալ միայն Դուք: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման և ոգեկոչման սրբազան արարողությունը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 24-ին: Արարողությանը ցանկանում եմ մասնակցել նաև ես` և´ որպես հայ, և´ որպես զինվորական, և´ որպես քաղաքական բանտարկյալ: Ես իմ ամբողջ կյանքը նվիրաբերել եմ հայ դատի պաշտպանությանը, իմ ազգի, ժողովրդի և հայրենիքի պաշտպանությանը, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իմ մեջ շունչ կա: Ես պարտավոր եմ այդ օրը գտնվելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և իմ ժողովրդի հետ հարգանքի տուրք մատուցելու մեր անմեղ զոհերի հիշատակին:

Խնդրանքս ուղղում եմ անձամբ Ձեզ` նկատի ունենալով իմ իրավական կարգավիճակը: Իսկ նման պարագայում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մարդիկ կարող են գտնվել միայն ու միայն Ձեր ցուցումով: Ինչպես գիտեք, ես հանդիսանում եմ Ձեր վարած արտաքին և ներքին քաղաքականություններին ընդդիմադիր անձ, սակայն գտնում եմ, որ անկախ մեր քաղաքական հայացքների անհամատեղելիությունից,  ոչ նման հարցերին մենք պարտավոր ենք վերաբերվել բացառապես մարդկայնորեն: Ես խոստանում եմ, որ եթե անգամ ինձ առանց պահակախմբի թույլ տան գտնվել անմեղ զոհերի հիշատակը հարգելու սրբազան արարողությանը, ես անձամբ սահմանված ժամին և սահմանված ձևով կներկայանամ քրեակատարողական հիմնարկ` առանց որևէ խնդրի:

Հուսով եմ, որ սույն նամակս կարժանանա Ձեր հավանությանը, և ես հնարավորություն կունենամ անձամբ մասնակցել անմեղ զոհերի հիշատակի արարողությանը»:




Լրահոս