ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչության և մեծաթիվ հյուրերի բժշկական օգնությունը բարձր մակարդակով ու արագ կազմակերպելուն վերաբերող հարցեր։ Նշվեց, որ նախարարության մասնագետները շարունակում են տեղերում ծանոթանալ բժշկական հաստատությունների պատրաստվածությանն` այդ օրերին բժշկական օգնությունը բարձր մակարդակով և արագ կազմակերպելու համար։ Կարևորվում են ազատ մահճակալների, անհրաժեշտ դեղերի և պարագաների պաշարների առկայությունը, նեղ մասնագետների հերթապահությունների ապահովումը։
Նախարարին զեկուցվեց, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ներկայացուցչի հետ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում-քննարկումներ են ունեցել Երևանում գործող հյուրանոցային տնտեսությունների մենեջերների, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Տրվել է խորհրդատվություն առաձին վարակիչ հիվանդությունների ներբերումը կանխելու ուղղությամբ։
իաժամանակ քննարկվել են հյուրանոցային տնտեսություններում սանիտարահակահամաճարակային կանոնների, սննդի հատվածում ռեժիմի ճիշտ պահպանման հարցերը։ Ներկայացվել է հյուրանոցներին կցված պոլիկլինիկաների ցանկը, ինչպես նաև նախարարությունում այդ օրերին գործող թեժ գծի հեռախոսահամարները` անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և հյուրերի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով։
Տեղեկացնենք նաև, որ նախարարի հրամանով ապրիլի 23-ին և 24-ին առողջապահության նախարարությունում հերթապահություններ կսահմանվեն։ Իսկ նախատեսվող բազմամարդ բոլոր միջոցառումներին ներկա կգտնվեն նախարարի տեղակալները` անհրաժեշտության դեպքում բուժօգնությունն արագ և համակարգված կազմակերպելու նպատակով։