ՀՀ Կառավարությունը երեկվա նիստում Սեւանա լճից ոռոգման նպատակով այս տարվա համար ջրառի չափաքանակը սահմանեց մինչեւ 170 մլն խորանարդ մետր: Բնապահպաններն այս կապակցությամբ լրջորեն մտահոգված են` ահազանգելով, որ նման չափերի ջրառը կհանգեցնի լճի ջրի մակարդակի նվազմանը: Մինչդեռ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով լճի մակարդակի իջեցումը չի թույլատրվում:
Այսպիսով, ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից այս տարի ջրի բաց թողման չափաքանակը սահմանվեց մինչեւ 170 մլն. խորանարդ մետր: Ի դեպ, այս տարվա մարտի 17-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցի համաձայն՝ պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է 38 հազար 765 հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի 481.6 մլն.խ.մ:
«Էկոլոգիական դաշինք»-ի համակարգող Սիլվա Ադամյանը վրդովված է` տեղեկանալով, որ Կառավարությունը կրկին անդրադարձել է այս հարցին: «Ինձ հետաքրքիր է, թե դա ինչով է պայմանավորված: Ես բոլորովին վերջերս շրջել եմ ՀՀ մարզերով. մարդկանց մոտ այնպիսի իրավիճակ էր, որ չգիտեին, թե ինչ անեին ջուրը: Հիմա ջրօգտագործողներն ինչի՞ համար են ուզում այդ ջուրը: Ես նաեւ տեղեկատվություն ունեմ, որ ջրամբարներում ջուր կա, հենց կոնկրետ այս տարի այն կա: Բայց ինչու են հիմա բացթողնում, դա զարմանալի է ինձ համար: Այս պահին դրա կարիքը չկա, որպեսզի մենք փորձենք Սեւանի հաշվին մեր դաշտերը ջրել»,- ներկայացրեց Ադամյանը:
Բնապահպանը մտահոգվեց նաեւ, որ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնին է նշանակվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: «Այնպիսի մարդ է պաշտոնավարում, ում պատճառով է, որ Արարատյան դաշտավայրը հայտնվել նման իրավիճակում: Հիմա ո՞ւմ դիմենք: Բայց ցավալին այն է, որ նման որոշում ընդունելու համար ընտրել են հենց այս օրը, երբ մարդիկ խառն են ու իրենց հյուրերով զբաղված: Բայց այս օրերից հետո մենք կզբաղվենք այդ հարցով»,- հայտարարեց բնապահպանը:
Մասնագետի համոզմամբ, Սեւանա լճից ջրի բացթողումը բացասական է անդրադառնում լճի էկոհամակարգի վրա, բացի այն, որ ջրի մակարդակն է ցածրանում, նաեւ այլ խնդիրներ են առաջանում՝ կապված ջրի ջերմաստիճանի հետ: «Այն ջրային պաշարները, ջրաշխարհը, ջրային էկոլոգիան, որը նախկին տարիներին ունեինք, այսպես Սեւանա լճից անընդհատ բացթողումներով վերականգնել հնարավոր չէ: Մինչդեռ ամեն տարի մեր Կառավարությունը նույն պատճառն է բերում, թե սակավաջուր տարի է, եւ նման չափերի ջրառ անում»,- լրացրեց Ադամյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Սեւան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարությունը փոփոխություն էր կատարել 2012 թվականի ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշման մեջ` ջրառի նախատեսված 169 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչեւ 204 մլն խորանարդ մետր:
Բնապահպանները համոզված են, որ հենց սա պատճառ հանդիսացավ, որպեսզի այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 9 սանտիմետրով նվազի: Նրանց պնդմամբ՝ հաշվեկշռի խախտումը կապված է հենց այս փաստի հետ: Սակայն Կառավարությունն էլ այս հարցի վերաբերյալ ունի իր պարզաբանումը: Բանն այն է, որ 2014 թվականը աննախադեպ սակավաջուր տարի էր, եւ այս ամենի արդյունքում Արմավիրի եւ Արարատի մարզերի մի քանի տասնյակ համայնքներ հայտնվել էին ջուր չունենալու խնդրի առջեւ: Այդ համայնքների գյուղացիները օրերով ջուր չէին ունենում իրենց հողատարածքները ոռոգելու համար, ինչի պատճառով էլ մեծ վնասներ կրեցին: Եւ այս խնդիրը լուծելու նպատակով Կառավարությունը նախորդ տարի որոշեց ժամանակավորապես՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը, Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի փոփոխության իրականացումը սահմանել առավելագույնը մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Միաժամանակ գործադիրը ոչ միայն հասարակությանը, այլեւ բնապահպաններին վստահեցրեց, որ ջրառի ծավալների մեծացումը Սեւանա լճի համար վտանգ չի ներկայացնում, եւ դրա արդյունքում ջրի մակարդակի բարձրացման գործընթացը չի դադարի: Մինչդեռ արդեն անցած տարվա տվյալները ցույց տվեցին հակառակը, եւ չնայած այս հանգամանքին` Սեւանից ջրառը շարունակվելու է առնվազն մինչեւ 2019թ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹԻՎ 24 ԵՐԹՈՒՂԱՅԻՆԸ՝ ՊԱՏՈՒՀԱՍ
Այն, որ Գյումրի քաղաքի ոչ բարեկարգ փողոցներով երթեւեկելը երթուղային վարորդների եւ ուղեւորների համար մեծ գլխացավանք է, գաղտնիք չէ: Սակայն խնդիրն առավել զգալի է, երբ անբարեկարգ փողոցներով երթեւկություն են իրականացնում բարոյապես եւ ֆիզիկապես մաշված փոխադրամիջոցները: Գյումրեցիների կողմից չեն դադարում բողոքները՝ 24 համարի երթուղայինի հետ կապված: Բնակիչներն ստիպված են բողոք-դիմումներ ներկայացնել քաղաքապետարան, որպեսզի վերջինս միջամտի խնդրի լուծմանը:
Տեղեկացանք, որ թիվ 24 երթուղին պատկանում է «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ին, որը 2012թ-ի հոկտեմբերի 2-ին 3 տարի ժամկետով շահել է երթուղու մրցույթը: Ընկերությունը ներկայումս երթուղին սպասարկում է 1998թ. արտադրության ավտոմեքենաներով՝ հակառակ ՀՀ Կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման 20-րդ կետի, ըստ որի՝ 15 տարին լրացած ավտոմեքենաները ենթակա չեն շահագործման եւ պետք է փոխարինվեն մեկամսյա ժամկետում:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տրանսպորտի եւ կապի բաժնից, պատասխանատուների կողմից բազմիցս զգուշացվել է «Գյումրուն ամուր հիմք» ՍՊԸ-ին այն մասին, որ թիվ 24 երթուղում գործող ավտոմեքենաները ենթակա են պարտադիր փոխարինման, սակայն մինչ օրս մրցութային հանձնաժողովին հայտ չի ներկայացվել ավտոմեքենաների փոխարինման համար: Գործող պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, սակայն սպասարկող ընկերության ներկայացուցիչները չեն ներկայանում նաեւ այս հարցի քննարկման համար:
Ներկա պահին այս բոլոր նյութերը գտնվում են քաղաքապետարանի իրավաբանական ապահովման բաժնում՝ վարույթ նշանակելու համար: Եթե ընկերության ներկայացուցիչները չներկայանան նաեւ վարչական վարույթի, Գյումրու քաղաքապետարանը պայմանագիրը լուծելու համար կդիմի դատարան:
ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆԳԱՄ ԶՈՒԳԱՐԱՆ ՉԿԱ
Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի բնակիչներն արդեն երկար տարիներ է՝ ապրում են աշխարհից կտրված ու կղզիացած: ԽՍՀՄ տարիներին կաթի արտադրությամբ հայտնի բազմահազարանոց համայնքն այսօր դատարկվել է, բնակիչների թիվը չի անցնում 600-ը: Համայնքի խնդիրները շատ են, սակայն առաջնային է ճանապարհների հարցը: Գյուղացիները պատմում են, որ ձմռանը ճանապարհ չլինելու պատճառով հղի կնոջը սայլակով են հասցրել Հրազդանի ծննդատուն: Գյուղի դպրոց են հաճախում 76 աշակերտ, որոնք մեզ ուղեկցելով դպրոց՝ ներկայացրին շենքի անմխիթար վիճակը: Պարզվեց` դպրոցն անգամ զուգարան չունի, եւ աշակերտները ստիպված են տուն վազել: Նշենք, որ համայնքի մանկապարտեզը երկար տարիներ է՝ չի գործում շենքային նորմալ պայմանների բացակայության պատճառով: Գյուղի հերթական անլուծելի խնդիրներից են գիշերային լուսավորությունն ու աղբահանությունը: Կուտակված աղբը մեքենաները գալիս-տանում են տարին մեկ կամ երկու անգամ:
Համայնքապետ Արթուր Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիշերային լուսավորության եւ որոշ ճանապարհների խճապատման հարցն այս տարի պետք է լուծեն, բայց մնացած խնդիրները համայնքն իր աղքատիկ բյուջեով ի զորու չէ լուծելու: Համայնքապետն ավելացրեց նաեւ, որ Ջրառատի խնդիրները նախորդ երկու մարզպետների օրոք էլ ներկայացրել է մարզպետարան, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Թեեւ գյուղացիները նորանշանակ մարզպետից էլ առանձնակի ակնկալիքներ չունեն, այնուամենայնիվ, նրան նույնպես պատրաստվում են դիմել:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԳՈՒՍՏԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Գյումրի քաղաքում ու Շիրակի մարզի այլ համայնքներում գործում են մոտ երկու տասնյակ պարային խմբեր, որոնցից շատերն ունեն ինչպես շենքային խնդիրներ, այնպես էլ անհրաժեշտ բեմական հագուստի պակաս: Եթե շենքային խնդիրները ոչ վաղ անցյալում աղետի գոտի համարվող մարզի համար կարելի է բնական համարել, ապա հագուստի հարցում վիճակն այնքան էլ հասկանալի չէ: Պետությունը այս հարցում «ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել»` պատճառաբանելով, որ ֆինանսական բավարար միջոցներ չկան՝ թեկուզեւ մասնակի կերպով անհրաժեշտ բեմական հագուստի հարցում օժանդակություն ցուցաբերելու համար: Թեեւ նկատենք, որ դա բավականին մեծ ծախս է, քանի որ, օրինակ, միջինը քսան հոգանոց, տասը պարից բաղկացած ցանկ ունեցող խմբին պետք է տրամադրվի երկու հարյուր պարային բեմական զգեստ (տարազ), ինչն արդեն բավական մեծ գումարներ է կազմում: Արդյունքում` պարախմբերը հագուստի հարցերը լուծում են ինքնուրույն՝ կա՛մ հաճախող երեխաների միջոցներով, կա՛մ էլ բարերարների նվիրատվությունների հաշվին:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի