«Այդ մարդիկ շահագրգիռ ձևով մեկ անձի պատվեր են կատարում». Գոհար Ենոքյանի պաշտպանը վստահ է, որ կատարվածը սև փիառ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ գործադիր տնօրեն, մահափորձ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված Գոհար Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ վստահ է` իր պաշտպանյալի հետ կատարվածը ինչ-որ մեկի ձեռքի գործն ու քմահաճույքների հետևանքն է:

-Պարոն Հակոբյան, ի՞նչ դեր ունեցավ պատգամավորների ստորագրահավաքը Գոհար Ենոքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխության հարցում:

-Ստորագրահավաքը երկրորդական է: Իհարկե, կարևոր է այս հասարակական ակտիվությունը զուտ գլոբալ և ապօրինությունների կանխման առումով: Այս գործում ո´չ ձերբակալման հիմք գոյություն ունի, ո´չ էլ առավել ևս, կասկածի: Էլ չեմ խոսում մեղադրանքի հիմքերի մասին: Այսինքն` բացահայտ ապօրինություն է տեղի ունենում մի կառույցի կողմից, որը կոչված է ապահովել օրինականությանը:

Բավարար հիմք չէ՞ Գոհար Ենոքյանի եղբոր խնամիների ձայնագրությունը, որի մասին խոսվում է Ձեր պաշտպանյալի ձերբակալման պահից սկսած:

-Նման բան գոյություն չունի: Դա սուտ հերյուրանք է: Դիմե´ք Հատուկ քննչական ծառայություն, թող պարզաբանեն: Ես նման տեղեկություն չունեմ: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Սա հերթական շանտաժն է, այս ծրագրի մի մասը` հասարակությանը մոլորեցնելու, թյուր կարծիք ձևավորելու համար: Որևէ փաստ գոյություն չունի:

-Իսկ ի՞նչ կասեք մամուլում տարածված այն լուրերի մասին, թե Գոհար Ենոքյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրեր են հայտնաբերվել, որոնք բավարար հիմք են հանդիսացել նրան ձերբակալելու համար:

-Պաշտոնապես ասում եմ, որ երկու անգամ է խուզարկություն կատարվել Գոհար Ենոքյանի բնակարանում և աշխատավայրում: Մեկը` 2014 թվականի հունիսին, մյուսը` այս տարվա ապրիլի 22-ին: Դրանց արձանագրություններն իմ ձեռքի տակ կան: Իր կամ նախաքննական մարմնին հետաքրքրող որևէ առարկա բացարձակապես չի հայտնաբերվել, չի առգրավվել: Այդ տեղեկությունները ևս հրապարակ են նետվում սև փիառի կամ հասարակությանը մոլորեցնելու նպատակով: Նման բան գոյություն չունի, անմեղ կին է ձերբակալված:

-Պարոն Հակոբյան, իմացանք, որ ԱԱԾ-ին եք դիմել: Կմանրամասնե՞ք` դիմելու շարժառիթ ինչն է հանդիսացել:

-Դիմել եմ, որպեսզի օպերատիվ միջոցների իրականացմամբ պարզեն` ինչն է ընկած այս ապօրինությունների հիմքում, որն է այս կառույցների շահագրգռվածությունը, որ նման անօրինական քայլեր են անում:

-Ի՞նչ կասեք այսօր սպասվելիք առերեսման մասին:

-Իմ պաշտպանության ընթացքում նման գործողության մասին դեռևս չի խոսվել: Հույսս այն է, որ մեր ձայնը հասնի հանրապետության նախագահին: Սակայն, ցավոք, նա այս պահին երկրում չէ, և այս հանգամանքն օգտագործելով` ապօրինությունները չեն սանձազերծվում, քանի որ այս մարմիններն ակնհայտ շահագրգիռ կերպով մեկ անձի պատվերն են կատարում:

-Ո՞ւմ մասին է խոսքը:

-Դե, ես չասեմ: Ենթատեքստում Դուք ինքներդ վերլուծեք: Ես կոնկրետ փաստեր չունեմ: Իմ համոզմամբ, կատարվում են անօրինական գործողություններ: Հենց այդ պատճառով էլ հրապարակային դիմել ենք: Եթե անմեղության մեջ, փաստերի մեջ վստահ չլինեինք, ԱԱԾ-ին դիմելու քայլ չէինք նախաձեռնի:

-Իսկ ինչպե՞ս է տիկին Ենոքյանի առողջական վիճակը: Ասում էիք` նա հետվիրահատական փուլում է գտնվում:

-Նույն վիճակում է գտնվում: Ճնշման հետ խնդիրները առկա են: Այս հոգեկան լարվածությունն էլ չի դադարում: 73 տարեկան կին է, բնականաբար, առողջական խնդիրներն անխուսափելի են: Հայաստանի իրավական պատմության մեջ սա բացառիկ խայտառակություն է:

-Ինչո՞վ է բացառիկ:

-Եթե հանցանքը գործած լիներ կամ փաստեր լինեին, էլի ինչ-որ տեղ կարելի է հասկանալ` ձերբակալությունը: Բայց չգործած արարքով անձին խայտառակ ձևով ձերբակալելը, անհասկանալի շարժառիթներով, ինչ-որ մեկի քմահաճույքները կատարելը, արդեն բարոյականության  սահմաններից դուրս արարք է:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս