Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամները միացան «Քաղաքացիական պայմանագրին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն ու խորհրդի եւս 5 անդամներ մայիսի 3-ին կայացած նիստում հայտնել են, որ պատրաստ են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

ԵՔԳԱ նախագահ Վաղարշակ Հակոբյանը ասաց, որ  իր անդամներին չի սահմանափակել հարել այս կամ այն քաղաքական ուժին և մշտապես հաջողությամբ համագործակցել է քաղաքական տարբեր ճամբարներ ներկայացնողների հետ:

Մայիսի 5-ին ԵՔԳԱ փոխնախագահը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու որոշումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առջեւ լուրջ խնդիրներ է դրել, այն է՝ կենտրոնացնել հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժը կամ նրա հիմնական մասը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ ապահովել այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, կասեցնել Հայաստանից նկատելի արտագաղթը, նախադրյալներ ստեղծել Մեծ հայրենադարձության համար, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական պայմաններ ապահովել Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար։ Բացի այդ, ձեւավորվում է ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը գործելու է կոլեգիալ, եւ ոչ թե սուպերլիդերի կառավարմամբ։

«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակադրվել է մասնակցել առաջիկա խորհրդարական ընտրություններին, ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:




Լրահոս