ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ Աժ-ում բարեբաստիկ հայտարարություն է արել: Նա ասել է, nր մշակվել է կայուն զարգացման նոր ծրագիր, որով նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության հիման վրա մինչև 2025–ը ստեղծել 250 հազար նոր աշխատատեղ: Ըստ “Հժ”-ի` դժվար է գտնել մի որևէ լուրջ երկիր, որի վարչապետը 13 տարվա հեռանկարով խոստանա բացվելիք աշխատատեղերի թիվ հրապարակել:
Հիմա հնարավոր չէ նույնիսկ մոտավոր կանխատեսել, թե 13 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությունն ինչ ուղղությամբ կզարգանա, ինչ ճգնաժամեր կամ տնտեսական թռիչքներ կլինեն, քաղաքական ինչպիսի իրավիճակ կլինի, ասենք, Չինաստանում, դրանից ինչպես կփոխվի աշխարհի տնտեսությունը և այլն, և այսպես շարունակ: Բայց ՀՀ վարչապետն անում է նման պատասխանատու հայտարարություն:
Այսինքն, նա կարողանում է բոլոր այդ մանրամասները ճշգրիտ հաշվարկել և ճշգրիտ կանխատեսել, թե մինչև 2025–ը Հայաստանում քանի աշխատատեղ կստեղծվի: Ըստ “ՀԺ” տեղեկությունների, նա կարող է ճշգրիտ կանխատեսել նաև, թե ինչպիսի վառելիք են օգտագործելու փոխադրամիջոցները 2362 թվականին, և որքան կլինի պղնձի ու կաուչուկի նկատմամբ աշխարհի տնտեսության պահանջարկը 3674 թվականին:
Սա ամենևին էլ չափազանցություն չէ, քանի որ 13 տարվա կտրվածքով նոր աշխատատեղերի թիվ կանխատեսելը նույնն է, ինչ վերը բերված օրինակները: Իհարկե, նա չկարողացավ կանխատեսել 2008-ի համաշխարհային տնտեսության ճգնաժամը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս արդեն հասել էր Հայաստան, բայց դա շատ մանր հարց է մեր վարչապետի համար: