Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա:
Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են:
Հիշեցնենք, որ 28-ամյա կինը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել հունիսի 30-ին ծանր վիճակում` հրազենային միջանցիկ վնասվածքով։ Երեք ժամ տևած, բարեհաջող վիրահատության ընթացքում կատարվել էր հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։