Պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, Մարսելի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Մարսելի միջև ձևավորված արդյունավետ գործակցությունից` Ժան-Կլոդ Գոդենը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
«Ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող մեր համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է ընդլայնում գործակցության շրջանակները, ինչն, անշուշտ, Ձեր հետևողականության ու համագործակցության պատրաստակամության շնորհիվ է: Եվ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ ցանկացա, որ Դուք` որպես պատվավոր հյուր, Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը, լինեք մեր` մարսելցիներիս կողքին: Այսօր մենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում երկուստեք ծրագրեր ենք իրականացում, որոնք իսկապես արդյունավետ են ու հաջողված: Վստահ եմ նաև, որ մենք կարողանալու ենք համատեղ ուժերով կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերը»,- նշել է Մարսելի քաղաքապետը:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ որպես պատվավոր իրեն հրավիրելու և ջերմ հյուրընկալության համար, ապա նաև Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի ողջ ժողովրդին՝ ընդգծելով, որ մեծ սիրով է ընդունել տոնակատարություններին մասնակցելու գործընկերոջ հատուկ հրավերը:
«Ինձ համար պատիվ է խորհրդանշական այս օրը լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը խորհրդանշող տոնը: Անցած երկու տասնամյակները բոլոր մակարդակներում ու ոլորտներում, լինի դա քաղաքական կանոնավոր երկխոսություն, ապակենտրոնացված համագործակցություն, տնտեսական, մշակութային, կրթական, թե այլ բնագավառներ, նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ: Եվ այդ համատեքստում ես իսկապես կարևորում ու բարձր եմ գնահատում Երևանի և Մարսելի միջև բարեկամությունն ու գործընկերային հարաբերությունները: Մեր համագործակցության հենց սկզբից մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ մեր երկու բարեկամ քաղաքների բնակիչների» ,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նկատել է, որ ֆրանսիական քաղաքներից Մարսելն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում, քանի որ այն ֆրանսիական առաջին քաղաքն էր, որ ընդունեց Մեծ եղեռնից մազապուրծ հայերին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք:
«Պատահական չէ, որ հայկական արմատներ ունեցող Ֆրանսիայի գործիչներից շատերի կյանքը և գործունեությունը կապված է հենց Մարսելի հետ: Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ հայ-ֆրանսիական ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի և մասնավորապես Մարսելի հայ համայնքի ներդրումը: Օգտվելով առիթից՝ իմ և բոլոր երևանցիների անունից երախտագիտություն եմ հայտնում ձեզ, բոլոր մարսելցիներին, ինչպես նաև ֆրանսիական ողջ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար: Ուզում եմ հատուկ նշել, որ Հայաստանում առանձնակի բարձր ենք գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- նշել է Երևանի քաղաքապետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Մարսելի գործընկերոջը՝ երկու քաղաքների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար: