ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԻՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է, ինչ քաղաքական կուլիսներում խոսվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական կուսակցության մասին: «Ժողովուրդ»-ը դեռեւս մայիսին տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, եւ այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում արդեն թիմ է ձեւավորվել` ի դեմս Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի, որը «ղեկավարվում» է Ռ. Քոչարյանի կողմից:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Վ. Օսկանյանը Հայաստանում չէ, իսկ Վ. Հովհաննիսյանը, Ս. Մարգարյանն ու Է. Վարդանյանն էլ այս ընթացքում գրեթե որեւէ գործունեություն չէին ծավալում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, նրանք պարզապես մասնակցում էին քվեարկություններին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ` պարզելու համար, թե առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում խմբակցությունում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կարծես թե կրկին պառակտվում է, քանի որ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը առանձին «թիմ» է ստեղծում, նոր քաղաքական ուժ ձեւավորում: Ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ է ԲՀԿ-ն կրկին հայտնվել «ցնցումների» մեջ:
-ԲՀԿ-ն բնավ ցնցումների մեջ չէ։ Ցնցումների մեջ են նրանք, ովքեր հուսախաբ եղան, որ ԲՀԿ-ն ցնցումների մեջ չընկավ։ Իսկ նմանների թիվը, ովքեր անհամբեր ԲՀԿ-ի կազմալուծմանն էին սպասում, ի դեպ, խիստ տարբեր ֆրոնտներից, շատ մեծ էր։ Ուստի ցնցումների մասով դիմեք իրենց. այդ առումով իրենց փորձը խիստ մեծ է։ Իսկ ընդհանրապես, «Կիկոսի մահը» ես սիրում եմ բացառապես իր ժանրի շրջանակներում։ Քաղաքականության մեջ այդ ժանրն ինձ համար կատեգորիկ մերժելի է։ Ուստի Ձեզ եւս խորհուրդ կտամ հիմք ընդունել ոչ թե ինչ-ինչ տեղեկությունները, լուրերն ու ասեկոսեները, ինչ-որ մեկի ենթադրությունները, կամ ցանկությունները, այլ կոնկրետ փաստերը: Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վ.Օսկանյանին, թե՛ Վ. Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես։ Ձեր նշած տեղեկատվության հրապարակման նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Վ. Օսկանյանի հետ, եւ նման ֆորմատով կուսակցություն ստեղծելու որոշում ինձ հայտնի չէ։
-Բայց տիկի՛ն Զոհրաբյան, դժվար է չնկատել, որ Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանն ու այն պատգամավորները, որոնք պետք է լինեն ստեղծվելիք կուսակցությունում, «մեկուսացել» են ԱԺ ԲՀԿ խմբակցությունից, իսկ Օսկանյանը ընդհանրապես չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Դա չի նշանակո՞ւմ, որ իսկապես առաջիկայում ԲՀԿ-ից մարդիկ են «հեռանալու»:
-Ո՞ւմ նկատի ունեք «այն պատգամավորները» ասելով։
-Օրինակ՝ Ստեփան Մարգարյանին ու Էլինար Վարդանյանին։
-Համաձայն չեմ Ձեզ հետ։ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը նորմալ իրենց գործը անում են, Վարդան Օսկանյանը որոշակի ժամանակահատված հանրապետությունում չէր, եւ չմոռանանք, որ փետրվարյան իրադարձություններից հետո ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր մոտեցումներն ինքը հստակ հայտնեց, եւ խմբակցությունում վերջին շրջանում իր ոչ ակտիվ լինելը ես պայմանավորում եմ նաեւ դրանով։ Իսկ ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա Վահեն մշտապես մասնակցում է խմբակցությունում տարբեր ֆորմատներով բոլոր լրջագույն հարցերի քննարկմանը։ Ու եթե ԲՀԿ-ից դուրս իրենք ունենան այլ ծրագրեր, կրկնում եմ, չեմ կասկածում իրենց պարկեշտությանն ու մարդկային որակներին. այդ մասին ես տեղեկացված կլինեմ առաջիններից:
-Քանի որ խոսակցությունները համառ են, եթե նման բան լինի, Դուք պահանջելո՞ւ եք, որ Վարդան Օսկանյանը վայր դնի իր պատգամավորական մանդատը։
-Նախ՝ մանդատը Վարդան Օսկանյանին ես չեմ տվել, եւ երկրորդ՝ կրկին խոսում ենք «Կիկոսի մահի» սցենարով։ Եթե նման բան լինի, ես վստահ եմ՝ այդ հարցում եւս պարոն Օսկանյանը պարկեշտ ու ճիշտ որոշում կկայացնի։
-Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ նոր ստեղծվելիք կուսակցությունները կհասցնե՞ն կայանալ ընտրություններին մնացած այս կարճ ժամանակահատվածում:
-Գիտեք, Դուք նոր եւ շատ լուրջ թեմա եք առաջ քաշում, որի մասին կխոսենք մի ուրիշ անգամ, որովհետեւ այդտեղ իրապես լուրջ ասելիք կա։ Հայաստանում կուսակցությունների, գաղափարների, ծրագրերի պակաս չկա, եւ որ մեր երկրում տեղի չեն ունենում անհրաժեշտ լրջագույն համակարգային փոփոխություններ՝ դա այս կամ այն ուղղվածության կուսակցության, նոր գաղափարի, նոր ծրագրի կամ օրակարգի պակասից չէ։ Դա շատ լուրջ թեմա է, որին եկեք, անդրադառնանք մեկ այլ անգամ։
-Որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ Դուք անձամբ պառակտում տեսնո՞ւմ եք խմբակցության աշխատանքներում:
-Բացարձակապես ոչ։ Խմբակցությունը շատ ակտիվ աշխատում է, մենք, ըստ մեր ժամանակացույցի, ակտիվորեն հանդիպումներ ենք ունենում մեր մարզային եւ Երեւանի տարածքային կառույցների հետ՝ Մեղրիից մինչեւ Ստեփանավան, առաջիկա օրերին կտեղափոխվենք կենտրոնական մեր նոր գրասենյակը, որի պաշտոնական բացումը քիչ ավելի ուշ կանենք։ Բայց մի քանի օրից մեր նոր գրասենյակի դռները բաց կլինեն մեր քաղաքացիների համար։ Իսկ խմբակցությունը հենց այս պահին աշխատում է օրենսդրական մի շարք նոր նախագծերի վրա, որոնք փաթեթով շրջանառության մեջ կդնենք աշնանային հենց առաջին նիստի ժամանակ։
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ն այս թեմայով փորձեց զրուցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վ. Օսկանյանի, Ս. Մարգարյանի, Է. Վարդանյանի եւ Վ. Հովհաննիսյանի հետ, սակայն Օսկանյանը համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, Ս. Մարգարյանը հայտարարեց, որ ինքը Մոսկվայում է, Վ. Հովհաննիսյանի հեռախոսն էլ անջատված էր: Իսկ Է. Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նոր քաղաքական կուսակցության վերաբերյալ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

 

 

 

 

 

 

ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐ Է ԴԱՐՁԵԼ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեւանի պետական համալսարանը վերջին ժամանակահատվածում հայտնվել է ծանր վիճակում, քանի որ հետզհետե նվազում է ԵՊՀ ընդունվող ուսանողների թվաքանակը: Բանը հասել է նրան, որ մայր բուհի ղեկավարությունը որոշում է կայացրել փակել, վերամիավորել եւ անվանափոխել համալսարանում գործող մի քանի ֆակուլտետներ:

«Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից, որը, սակայն, կտրականապես հերքեց այդ ամենը:
-Պարո՛ն Սիմոնյան, Երեւանի պետական համալսարանը ի՞նչ խնդիրներ ունի, որոնց պատճառով որոշում է կայացվել փակել համալսարանում գործող մի քանի ֆակուլտետներ:
-Իսկ ով է ասում, որ ֆակուլտետ է փակվել, այդ որտեղից եք նման տեղեկություն ստացել: Նման բան գոյություն չունի, դա ֆանտազիա է, Դուք ինչպես եք պատկերացնում նման բան, ոնց կարող է ֆակուլտետ փակվել, չկա այդպիսի բան: Ի՞նչ է նշանակում վերցնել ու ֆակուլտետ փակել, ինչպես կարող է նման բան լինել, ինքներդ Ձեզ հարց չե՞ք տվել, արդյոք հնարավոր է նման բան, արդյո՞ք հնարավոր է փակել ինչ-որ ֆակուլտետ: Չկա նման բան, ու ես չգիտեմ, թե որտեղից եք նման տեղեկություն վերցրել, ովքեր են նման խոսակցություններ տարածողները:
-Բայց ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս տարի ԵՊՀ ընդունվելու համար շատ քիչ դիմորդներ են եղել, ինչի արդյունքում էլ համալսարանը նման խնդրի առաջ է կանգնել: Իսկապե՞ս այս տարի ընդունվող ուսանողների թիվն այդքան քիչ է:
-Չկա նման բան կրկնում եմ, ընդհակառակը, մենք նոր մասնագիտություններ, նոր ֆակուլտետներ ենք ուզում բացել: Դե, ուսանողների թիվը մի տարի ավել է լինում, մի տարի պակաս է լինում, եթե դիմորդների թիվը պակաս է, պարզ է, որ ընդունելության թիվը ավել չի կարող լինել, դա ի՞նչ կապ ունի ֆակուլտետ բացել, փակելու հետ: Չի կարող մեկ ֆակուլտետում մեկ ուսանող լինել, որի պատճառով փակվի ֆակուլտետը, դրանք իրականության հետ կապ չունեցող բաներ են: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ովքեր են հնարել այդ տեղեկությունները: Համալսարանը բնականոն ձեւով աշխատում է, ու որեւէ նման մտադրություն չկա: Մենք որեւէ նման խնդիր չունենք, մենք աշխատում ենք:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Երեկ հայտնի դարձավ, որ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար ilur.am կայքի խմբագրին մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնատար անձի կողմից դատարանի ուժի մեջ մտած վճիռը չկատարելը»: Կայքի խմբագիրը հրաժարվել է կատարել դատարանի վճիռը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տրամադրել իրենց կայքում տպագրված լուրի տեղեկատվության աղբյուրը: ՀՔԾ-ի դիմումի հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը դեռեւս անցած տարի էր վճիռ կայացրել եւ կայքի խմբագրից պահանջել գաղտնազերծել տեղեկատվության աղբյուրը: Վճռի բողոքարկումն արդյունք չԷր տվել, եւ այն այս տարի ուժի մեջ է մտել:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ Հայաստանում մամուլի ազատության ճնշման եւս մեկ նախադեպ է ստեղծվում, որի թիրախում լրագրողների տեղեկատվության աղբյուրներն են: Այն լրագրողը, որը առանց տեղեկատվության աղբյուրի համաձայնության պարտադրանքով կբացահայտի իր տեղեկատվական աղբյուրը, նա դրանից հետո այլեւս չի կարող լրագրողական գործունեություն ծավալել: Սա հայտնի է բոլոր լրագրողներին. աղբյուր բացահայտելն անթույլատրելի է մեր աշխարհի համար:
Ուստի, անկախ նրանից, թե լրագրողները մեկը մյուսի նկատմամբ ինչ անձնական վերաբերմունք ունեն, անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, պարտավոր են միավորվել եւ թույլ չտալ, որ Հայաստանի իշխանություններն իրենց մտադրությունն իրագործեն: Մի անգամ հաջողելու դեպքում իշխանություններն իրենց մահակը ցանկացած պահի եւ յուրաքանչյուրի դեմ կօգտագործեն:

 

«ՅՈՒՔՈՄԸ» ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Յուքոմ» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բաժնետոմսերի 41 տոկոսը վաճառելու թույլտվություն ստանալու համար: ՀԾԿՀ-ը վաղը կայանալիք նիստում համաձայնություն կտա, որ ընկերության բաժնետեր Արամ Խաչատրյանի 41 տոկոս բաժնետոմսերը` 20,5-ական տոկոս համամասնությամբ, վաճառվեն ՀՀ քաղաքացիներ Հայկ Եսայանին եւ Ալեքսանդր Եսայանին: Ի դեպ, Հայկ Եսայանը «Յուքոմ»-ի տնօրենն է, իսկ Ալեքսանդր Եսայանը` արտաքին կապերի գծով տնօրենը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր բաժնետերերը ընկերության աշխատակիցներ են, ուստի բացառված չէ, որ առքուվաճառքի գործարքը զուտ ձեւական բնույթ է կրում:

 

ԴԱՏ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ կշարունակվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:




Լրահոս