ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՄ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏ
ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմավորման փոփոխության հետ կապված՝ երեկ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել է. «Մենք նախագծին դեմ ենք քվեարկում, երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկենք, պատրաստ ենք շարունակել բանակցությունները»: Քվեարկությունը կայացել է ձայների 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ԶԳՈՒՄ
«Մատաղիսի գործով շատ լավ, դիմե՛ք Կոստանյան ի՞նչ է՝ Գեւորգին»,-երեկ ասել է Գագիկ Ջհանգիրյանը` արձագանքելով Մատաղիսի գործով արդարացման վճիռը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:  «Առավոտ»-ի դիտարկմանը, որ, փաստորեն, տարիներ շարունակ այդ տղաներն անարդարացիորեն ազատազրկված են եղել, Ջհանգիրյանը պատասխանել է. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զինդատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմե՛ք իրենց»: Ջհանգիրյանը նաեւ ասել է, որ ինքն իրեն մեղավոր չի զգում:

ԳԱԼ ՇԱԲԱԹ` ՀՅԴ-ԻՆ ՄԵՋ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում առկա անորոշությունները կհստակեցվեն այս շաբաթվա ընթացքում: «Մեկը խաղից դուրս եկավ, մյուսները դեռ չեն որոշել՝ ինչ են անելու, կարծում եմ` այս շաբաթ դա պարզ կդառնա»,-Tert.am-ին ասել է Ռուստամյանը` նշելով, որ ՀՅԴ բանակցությունների երկրորդ փուլն այս շաբաթ անպայման ավարտին կհասցվի. «Որպեսզի վերջնականապես արձանագրենք` հնարավո՞ր է միացյալ ինչ-որ խնդիր լուծել»:

ՉԻ ՇՐՋԱՆԱՌՎԵԼ
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանը հերքում է օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, թե կուսակցությունը ԲՀԿ-ի հետ խորհրդակցությունների ժամանակ իրեն է առաջարկել իբրեւ նախագահի թեկնածու: «Կուսակցության մեջ նման խոսակցություն ընդհանրապես չի էլ շրջանառվել: Չգիտեմ, թե որտեղից է նման տեղեկություն հայտնվել»,-168.am-ին հավաստիացրել է Դավիդյանը:

ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՔԻՆ
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Բաթումում մասնակցել է Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը: Համայնքի շուրջ 150 անդամների միավորող հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն եւ  Աջարիայի կառավարության ու գերագույն խորհրդի անդամներ:  Դավիթ Կարապետյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այսուհետ եւս իր կրթական եւ մշակութային աջակցության ծրագրերով լինելու է Աջարիայի հայ համայնքի կողքին՝ աջակցելով հայապահպանության եւ համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքներին: Իսկ Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն շնորհակալություն է հայտնել Աջարիայի հայ համայնքին ստեղծագործ աշխատանքի համար:




Լրահոս