Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:
Ըստ այդմ հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքների մաքրման և բարեկարգման նպատակով կազմակեպել շաբաթօրյակներ, ինչպես նաև գույքագրել ու ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:
Հանրակրթության վարչության պետին էլ հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:
Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ուժեղացված հսկողություն կսահմանվի: