Սահմանին լարված վիճակ է, իսկ ՊՆ մամուլի խոսնակը հորդորում է իրեն չանհանգստացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ սոցցանցի իր էջում նման գրառում է կատարել. «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ Ինչպես արդեն հայտարարել ենք, այսօր ՀՀ-ում մեկնարկում են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զուգահեռ ՀՀ սահմանում այս օրերին տիրում է լարված իրավիճակ: Հակառակորդը հետևողականորեն խախտում է հրադադարի ռեժիմը՝ խախտելով բնակչության բնականոն կեցությունը և վնասներ հասցնելով գյուղական համայնքներին: Այս ամենի մասին պաշտոնական աղբյուրները ըստ անհրաժեշտության տեղեկատվություն կտրամադրեն և կիրազեկեն իրավիճակի մասին: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, խնդրում ենք տեղեկություն ստանալու նպատակով ամեն րոպե չզանգահարել հատկապես բջջային հեռախոսներին»:

Այսպիսով, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ով ի պաշտոնե պարտավորվածություն ունի լրատվամիջոցներին և հանրությանը հուզող հարցերին պատասխանելու, այդպես էլ չհասկացավ` իր գործառույթի լրջությունը: Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է չանհանգստացնել իրեն հեռախոսազանգերով` մոռանալով, որ այս պահին սահամնին տիրող լարված իրավիճակի պայմաններում հանրությունն ինֆորմացիոն քաղց է զգում: Իսկ այդ քաղցը չհագեցնելու դեպքում մարդկանց խուճապն անխուսափելի կլինի: Եվ Արծրուն Հովհաննիսյանը ոչ թե պետք է գնա, նախարարի թիկունքում ֆոտոսեսիաների մասնակցի՝ ձևացնելով, թե գերզբաղված է, այլ լինի հասարակություն-ՊՆ կապող օղակը: Նույն գործառույթը պետք է իրականացնի նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը, որը, կարծես, չգործող մարմին լինի:

Հիմա, եթե Աստած մի արասցե, լրագրողները ահազանգ են ստանում՝ սահմանամերձ որևէ գյուղում տեղի ունեցող կրակոցների մասին, ինչպե՞ս պետք է վարվեն. անտարբե՞ր լինեն, զանգահարեն համայնքի ղեկավարի՞ն, որոնց ևս ՊՆ-ն հրահանգել է չխոսել, թե՞ նստեն ու սպասեն՝ ինչ է լինելու՝ արձանագրելով միայն հետևանքները: Այսպիսի սահմանափակ մտածողությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ, քանի որ հատկապես լարված իրավիճակներում, երբ խուճապը հանդարտեցնող տեղեկություններ չեն հրապարակում, հետեւանքները կարող են պատկերացրածից ավելի ծանր լինել: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` հակառակորդը կրակի տակ է պահում հայկական գյուղերը, ինչի հետևանքով անզեն բնակիչներն են վիրավորվում: Ավելին, Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է բավականին մեծ թվով ականանետեր կիրառել:

Հ.Գ. ՊՆ պաշտոնական կայքէջում սահմանին տիրող լարված իրավիճակի մասին որևէ հաղորդագրություն մինչ այս պահը չի դրվել, իսկ թե ինչ նկատի ունի Արծրուն Հովհաննիսյանն ըստ անհրաժեշտության տեղեկատվության տրամադրում ասելով` այս դեպքում դժվար է պատկերացնել: Առայժմ առավել ցայտուն երևում է լրատվական ծառայության անգործությունը:




Լրահոս