Armlur.am-ը արդեն անդրադարձել էր Բաղրամյանի դպրոցականների թունավորման դեպքին, մասնավորապես հայտնելով, որ ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարել դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ: Armlur.am -ը Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից նոր մանրամասներ է ներկայացնում:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ին առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ:
Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Բոլորն էլ հոսպիտալացված են «Արտաշատի ԲԿ»-ում և ստանում են համապատասխան բուժում: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել: ՀՀ առողջապահությ ան նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար:
Աշխատանքները շարունակվում են: