Մեկնարկելու է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-19 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոն, որի շրջանակներում տեղի կունենան Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։ Փառատոնի նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության ոլորտները։

Փառատոնի շրջանակներում Արցախ կժամանեն «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների, «Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստագետներ ու լրագրողներ։

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի ծրագրում ընդգրկված են Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, արցախյան և ֆրանսիական խոհանոցների ներկայացում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողություն Շուշիում, ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթ Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան պուրակում։ Փառատոնը կավարտվի սեպտեմբերի 19-ին ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի համերգով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։




Լրահոս