Ճանապարհային ոստիկանին «բոմժ» անվանած և ապտակած շտաբի պետն ինքնասպան է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում, նախնական վարկածով, ինքնասպանության դեպք է գրանցվել: Իր տան բակի ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 38-ամյա Էդգար Միքայելյանի դին:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Էդգար Միքայելյանը ավելի քան 5 տարի առաջ եղել է ԿԳՆ «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ի շտաբի նախկին պետ, և նա այս օրերին գտնվում էր դատական պրոցեսների մեջ:

Armlur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Էդգար Միքայելյանը նախորդ տարի էր ավարտել մի դատական վեճը, և այս տարի կրկին ամբաստանվում է:

Այսպես, մոտ մեկ տարի առաջ Էդգար Միքայելյանը մեղադրվում էր ոմն Մարտիրոս Աղայանի հետ ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դատարանը վճռել է նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Armlur.am-ի հետ զրույցում Էդգար Միքայելյանի պաշտպան Թադևոս Առաքելյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը, բավականին երկար ժամանակ մնալով անազատության մեջ, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել:

Սակայն այսքանով նրա դատական քաշքշուկները չեն ավարտվել: Պաշտպանը մեզ հայտնեց նաև, որ նրա մասով մեկ գործ ևս կա հարուցված, սակայն հրաժարվեց մանրամասնել` ինչ գործի մասին է խոսքը: Փաստաբանի խոսքով` ինքը քիչ առաջ է տեղեկացել ողբերգության մասին, և իրեն ժամանակ է անհրաժեշտ ամեն բան վերլուծելու համար:

Նշենք, որ դատարանի իրավական վերլուծություններից տեղեկանում ենք, որ Էդգար Միքայելյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, չի զղջացել ՃՈ աշխատակիցին ապտակելու համար: Նա դատարանին պատմել է, թե ՃՈ ծառայողը ոստիկանին վայել պահվածք չի դրսևորել, փորձել է վերցնել իր մեքենայի բանալին: Իսկ ահա տուժող ճանաչված ՃՈ աշխատակիցը հայտարարել է, որ Է. Միքայելյանն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ապտակել է և «բոմժ» անվանել: Այս հատվածը, ի դեպ, լսվում է նաև դատարանին ներկայացված ձայնագրության մեջ:

Կատարվածը սպանություն է, թե ինքնասպանություն, կպարզի քննությունը:




Լրահոս