Ամուսինը սկզբում կտրել է կնոջ կոկորդը, ապա դանակի 30 հարված հասցրել. մոտակայքում գտնվողները լսել են կնոջ բղավոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը՝ երեկ Երևանում դաժան սպանության հերթական դեպքն է գրանցվել: Մալաթիայի տոնավաճառի մոտ ժամը 15.00-ին դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում 39-ամյա Արտակ Առաքելյանը որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 38-ամյա Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին:

Կինը տեղում մահացել է: Ամուսինը բերման է ենթարկվել, ապա՝ ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխվել հիվանդանոց: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին կատարվածից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, սպանվածի գործընկերները հայտնեցին, որ երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, աղմուկ են լսել. Հեղինեն գոռում էր. «Թո՛ղ, գնա՛ էստեղից»: Որևէ մեկը վաճառողներից, սակայն, չի մոտեցել. «Աշխատանքային ժամ էր, բոլորս գործով էինք, տաղավարները լիքն էին. ո՞նց թողեինք, գնայինք: Հետո էլ, ախր, ո՞վ կարար նման բան պատկերացներ»,- ասաց վաճառողուհիներից մեկը:

Վերջինիս փոխանցմամբ՝ աղմուկը երկարատև չի եղել: Պատճառը, ըստ մեր զրուցակցի տեղեկությունների, այն է, որ ամուսինը սկզբում կտրել է կնոջ կոկորդը, ապա նստել նրա վրա և դանակի 30 հարված հասցրել:

Վաճառողների կարծիքով՝դերձակ կնոջ սպանության միակ պատճառն այն կարող էր լինել, որ Հեղինեն ցանկանում էր Ռուսաստան մեկնել. «Արդեն վեց ամիս է՝ ամուսիններով իրար հետ չէին ապրում, բայց ամուսնալուծված չէին: Երկու դպրոցական երեխա ունեն: Առավոտից իրիկուն չարչարվում, աշխատում էր խեղճ կինը: Այնքան պարտքեր էր կուտակել, ստիպված պետք է Ռուսաստան գնար, որպեսզի կարողանար գոնե նորմալ փող վաստակեր: Ամուսինն էլ, երևի, իմացել ու որոշել էր նման բան անել: Թող որևէ մեկը չասի, թե Հեղինեն վարքից թույլ էր, կամ իրեն ավելորդություններ էր թույլ տալիս: Էնքան համեստ, ընտանիքին նվիրված, աշխատող, չարչարվող կին էր… դեմքին էլ նայեիք, միանգամից կհասկանայիք: Մի խոսքով՝ նա անմեղ զոհ էր, ու շատ անհաջող ամուսին ուներ՝ ո՛չ աշխատում էր, ո՛չ էլ»,- պատմեց վաճառողուհիներից մեկը:

Մեր զրուցակիցներից մեկը հայտնեց, որ սպանվածի 12 տարեկան աղջիկն ամբողջ օրը մոր հետ աշխատում էր. «Ոչ ոք այստեղ նրանց չափ չէր վազվզում: Աղջիկն ամեն օր մոր կողքին էր, մոր հետ հավասար աշխատում էր: Ոնց որ ճակատագիր լիներ, հենց էդ օրը առաջին անգամ նա տաղավար չէր եկել»:

Այժմ որբացած երեխաներն իրենց մորեղբոր մոտ են: Վաճառողները սարսափած են. «Ինչպե՞ս այդքան բարի ու նվիրված մարդու վրա ինչ-որ մեկը կարողացավ ձեռք բարձրացնել, սպանել»:




Լրահոս