Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am– ին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Գրիգոր Անտոնյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ զինակոչիկ Ստյոպա Սարգսյանին ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատ ներկայանալուն պարտավորեցնելու վերաբերյալ գրության կատարումը հանձնարարվել է ոստիկանության աշխատակից Գրիգոր Անտոնյանին: Վերջինս հայտնաբերման նպատակով Ստյոպա Սարգսյանի հաշվառման հասցե չի այցելել, նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել:
Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները չկատարելու փաստը թաքցնելու և վերադասների կողմից դիտողության չարժանանալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, միասնական դիտավորությամբ ուղղորդված Ս. Սարգսյանի անունից կազմել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ պարտավորագիր այն մասին, թե, իբր, նա պարտավորվել է ներկայանալ զինվորական կոմիսարիատ:

Այնուհետև Գրիգոր Անտոնյանը, շարունակելով իրականացնել իր միասնական դիտավորությունը, թաքցնելով պարտավորագրի կեղծ լինելու հանգամանքը, միջնորդավորված կարգով, օգտագործելով հանցանքին անզգուշաբար մասնակցող անձանց, պարտավորագիրը կեղծ գրությամբ հանձնել է զինվորական կոմիսարիատ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Գրիգոր Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս