Հաղորդավար Սուրեն Փահլևանյանը, որին հեռուստադիտողները կհիշեն «Երաժշտական խաչմերուկ», «Փողադրամիջոց», «Առավոտ լուսո» եւ այլ հաղորդումներից, նաեւ «Աննա» հեռուստասերիալից, տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հազիվ թե առաջիկայում հանդես գա սեփական նախագծով, բայց եթե լինի հարմար առաջարկ, ինքը կընդունի:
«Նախ` զբաղվածությունս թույլ չի տալիս, բացի այդ` եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ: Օրինակ` առաջարկում են աշխատել այնպիսի հաղորդումների շրջանակներում, որոնց նման նախագծերում նախկինում` պատանի հասակում, հաջողությամբ հանդես եմ եկել, իսկ ես պատասխանում եմ, որ այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել: Լինում են նաեւ գովազդային հոլովակներում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժում եմ. նախ` ինձ դրանցում չեմ պատկերացնում, եւ երկրորդ` ինձ համար շատ կարեւոր է տվյալ ապրանքի որակը»,-ասաց նա:
Նշենք, որ Սուրենն ունի կողմնակի աշխատանք. նա իրականացնում է տեխնիկական հսկողություն շինարարության ոլորտում, բացի այդ` վարում է շոուներ. «Այդպիսով պահում եմ կապը իմ եւ հանդիսատեսի միջեւ»:
Խոսելով հայկական հեռուստաեթերի ներկայիս վիճակի մասին` հաղորդավարն անկեղծորեն նշեց, որ կան մի շարք երեւույթներ, որոնք իրեն վիրավորում են եւ ցավ պատճառում: «Երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատած մարդ ես, մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ այդ ոլորտում էլ է մոնոպոլիա տիրում: Օրինակ` մի հոգի դառնում է նույն սերիալի ե՛ւ սցենարիստը, ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ գլխավոր դերակատարը: Հաղորդավարին, դերասանին եթե նախկինում վճարում էին, օրինակ` մեկ միլիոն, հիմա տալիս են 100-300 հազար դրամ: Վարկանիշային սիթքոմներ ես նայում օպերատորական ու ռեժիսորական աշխատանքի լուրջ բացթողումներով, եթերում տեսնում ես «վառած կադրեր», որոնք պարզապես չպետք է հեռարձակվեն»:
Սուրենը, սակայն, հույս հայտնեց, որ դաշտը վաղ թե ուշ մաղվելու է. «Հիմա նայում ես` ինչքան համասեռամոլ կա, եթերում է: Ես լավ տղա հաղորդավար եմ, դրա համար հիմա եթերում չեմ…Ունենք «հեծանիվ դեմքեր», որոնք ձրի են, որքան ուզում են` վարում են…Դե, թող աշխատեն…»,-եզրափակեց Սուրենը:
Աննա Բաբաջանյան