Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանություններին մոռացավ ու իրեն օգնողին հիշեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Այն հատկապես ուշագրավ է այն առումով, որ դրանում Հովհաննիսյանը առանձնապես չի «կպել» ՀՀ իշխանություններին, փոխարենը անդրադարձել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, որն, ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ստեղծման ակունքներում է կանգնած:

«…Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապա եւ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ…»,-նշված է կուսակցության պաշտոնական հաղորդագրությունում, որի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը թողել է նաեւ մի ուշագրավ հետգրություն. «Վարդան ջա՛ն, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ եւ ոչ ամենեւին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:

Այդպիսով` բացի այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարել է նոր ուժի ստեղծման մասին, փաստորեն նաեւ ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վ. Պողոսյանը «ճիշտ» բան չի արել: Եվ այս առումով տարակուսելի է, թե ինչու է Հովհաննիսյանը հիշել իր կուսակցության հիմնադիրներից մեկին, երբ այդ ամենի հեղինակը Ս. Սարգսյանն է, իսկ Վ. Պողոսյանն ընդամենը «կատարող» է:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ Ր. Հովհաննիսյանը Վ. Պողոսյանին հատուկ է անդրադարձել այն պատճառով, որ նրան հարգում է: «Անձնական հարգանք կա նրա նկատմամբ, իսկ իշխանություններին մեր գնահատականները տվել ենք»,- պարզաբանեց Մարտիրոսյանը` հավելելով, որ Վ. Պողոսյանը շատ վաղուց է Ր. Հովհաննիսյանին օգնել: Ա. Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը «Նոր Հայաստան»-ը հայտարարելու է իր ծրագրերի մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս