ԻՆՉՊԵՍ Է ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ ԹԱԼԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա գարնանից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ծավալված քննարկումների ընթացքում այդպես էլ որեւէ պարզաբանում չտրվեց այն հարցին, թե ՀԷՑ-ում կորուստներն ինչու են այդքան մեծ՝ 12-ից 13 տոկոս տարեկան, կամ նույն է թե՝ 30-35 մլն դոլար: Ի դեպ, կորսված էլէներգիայի ընհանուր չափը հաշվարկել ենք ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի գնման միջինացված գնով՝ 1 ԿՎտ/ժ-ը 21 դրամով: Բայց ինչպես հայտնի է՝ «Հրազդան ՋԷԿ» եւ «5-րդ էներգաբլոկի» արտադրած եւ ՀԷՑ-ին մատակարարած էլէներգիան մոտ կրկնակի թանկ է:

Վաղուց լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԷՑ-ի պաշտոնապես արձանագրվող կորուստների կեսն է իրական, իսկ մնացածը էներգետիկ համակարգից գումարներ հափշտակելու ինչ-որ սխեմայի գործունեության արդյունք է: Ըստ լուրերի՝ էներգետիկ համակարգից գումար հափշտակելու երկու սխեմա է գործում, մեկի էությունը կայանում նրանում, որ էլէներգիան սպառողին մատակարարվում է առանց պաշտոնական արձանագրության եւ կանխիկով: Արդյունքում, սպառողների վճարած գումարները գնում են ինչ-որ մարդկանց գրպաններ, իսկ նրանց սպառած էլէներգիան գրանցվում է որպես կորուստ: Նախկինում մենք առիթ ունեցել ենք այս սխեմայի գոյությունն ապացուցող փաստեր ներկայացնել, մասնավորապես մեր ձեռքի տակ փաստեր էին հայտնվել այն մասին, որ Էրեբունի վարչական շրջանի մի ամբողջ թաղամասի բնակիչները եւ ձեռնարկությունները սնվում են տեղում գտնվող կայանից ու դիմացը վճարում կանխիկով:

Ինչպե՞ս գողանալ միլիոն
Երկրորդ սխեմայով ուռճացվում է փոքր ՀԷԿ-երի մատակարարած էլէներգիան: Այսինքն՝ ՀԷՑ-ում այս կամ այն ՓՀԷԿ-ի մատակարարած էլէներգիայի չափը իրականից զգալի, երբեմն անգամ կրկնակի ավել է գրանցվում: Բնականաբար ՀԷՑ-ի հաշվից գումարը դուրս է գրվում գրված էլէներգիայի ողջ ծավալի համար, պակասող էլէներգիան մեխանիկորեն դառնում է կորուստ: Արդյունքում, ՓՀԷԿ-երի տերերը եւ ՀԷՑ-ի կոնկրետ պաշտոնյաներ այս ճանապարհով տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակում: Այս սխեմայի գոյությունն ապացուցող փաստեր գտնելու բոլոր փորձերը, մինչ վերջերս, ապարդյուն էին անցնում, քանի որ այն ձեռնտու է դրանում ներգրավված բոլոր կողմերին: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ այս սխեմայի խաղացողներից մեկի հետ կապված ՀԷՑ-ի ներսում խնդիրներ են առաջացել, եւ այժմ պաշտոնապես արձանագրվել է, որ փոքր ՀԷԿ-երի մատակարարած էլէներգիան կարող է իրականից ավել գրվել: Դեպքը կապված է եղել «Սիարփի» ՓՀԷԿ-ի հետ, որը, ինչպես պարզվում է, պատկանում է ՀԷՑ-ի իրացման տնօրենի՝ այժմ արդեն նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին:
Այս պատմության հետ կապված ՀԷՑ-ին հասցեագրված մեր հարցմանը տրված պատասխանում նշված է. ««ՀԷՑ»-ի կողմից նշանակվել է ներքին հետաքննություն դրվածքային հզորության սխեմայի եւ հաշվառման համակարգի ստուգաչափման հստակեցման նպատակով: Արդյունքում ընկերության աշխատակիցների ու անվտանգության եւ վերահսկողության տնօրինության կողմից բացահայտվել են զգալի թերություններ, որոնք հանգեցրել են նշված («Սիարփի») ՀԷԿ-ի էլէներգիայի գնման ծավալի մեծացմանը: Պարզվել է նաեւ «ՀԷՑ» իրացման տնօրենի տեղակալ Արսեն Գաբրիելյանի «Սիրարփի» ՓՀԷԿ-ի փոխկապակցվածության փաստը: Հետաքննության արդյունքում Ա. Գաբրիելյանն ու էլէներգիայի ավտոմատացված հաշվառման եւ հսկման բաժնի պետ Ռուդիկ Պիվազյանը հեռացվել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման աշխատանքից»: Չնայած ՀԷՑ-ի պատասխանում չի հստակեցվում, թե որքան գումար է հավելագրվել, որը այժմ նշված ՀԷԿ-ը պետք է վերադարձնի, բայց մեր տեղեկություններով՝ միայն այս տարվա կտրվածքով խոսքը գնում է 100 միլիոն դրամի մասին: Ի դեպ, ըստ ՀԷՑ-ի՝ այս դեպքից հետո ՀԷՑ-ը սկսել է ստուգել եւ գույքագրել ՓՀԷԿ-երի հետ կնքված պայմանագրերը: «Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվել 51 փոքր ՀԷԿ-երում (անհրաժեշտության դեպքում հստակեցվում են պայմանագրում նշված պարամետրերը, փոխարինվում են հաշվառման սարքերը)»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում: Ամեն դեպքում այս դեպքով ապացուցվեց այն հանգամանքը, որ համակարգը թույլ է տալիս, որ թվերն արհեստական փոխվեն: Իսկ թե ով է այդ բացն իր օգտին օգտագործում, մեր՝ սպառողներիս տեսանկյունից էական չէ:

Գողի ձեռքը բռնող չկա
«Սիարփի» ՀԷԿ-ի հետ կապված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եւս վարչական վարույթ է հարուցվել, որը այժմ քննարկման փուլում է: Ենթադրվում է, որ առաջիկայում ՀԾԿՀ-ն նշված ՀԷԿ-ին ինչ-որ տույժի կենթարկի: Բայց մեր՝ սպառողներիս տեսանկյունից կարեւորը, ոչ թե այս կամ այն ՀԷԿ-ին տուգանելն է, այլ որպեսզի մեզ չթալանեն: Իսկ ՀԷՑ-ի կորուստների արհեստական ուռճացումից հենց սպառողներն են տուժում: Բանն այն է, որ այդ կորուստները ներառվում են էլէներգիայի սակագնի մեջ: Այսինքն՝ ի սկզբանե կորցնողը ՀԷՑ-ն է, բայց վերջնահաշվարկում դրա համար վճարում է սպառողը: Հենց այդ պատճառով էլ այս սխեման տարիներ շարունակ անխափան գործել է, քանի որ այն ձեռնտու է դրանում ներգրավված բոլոր կողմերին:
ՀԾԿՀ-ից փորձեցինք պարզել, թե մինչ օրս արդյո՞ք որեւէ քննություն, հատուկ ստուգում-հետազոտություն անցկացվել է՝ պարզելու համար, թե ՀԷՑ-ի կողմից ներկայացվող կորուստները, որքանով են իրական եւ էներգետիկ համակարգի օբյեկտիվ վիճակով պայմանավորված: Մեզ տրված պատասխանից պարզվում է, որ նման հատուկ ստուգում չի իրականացվել, քանի որ ըստ ՀԾԿՀ-ի՝ «Հաշվառման համակարգը շուկայի մասնակիցների կողմից պարբերաբար ենթարկվում է տարաբնույթ ստուգումների՝ հնարավոր խախտումները բացառելու համար»: Բայց, ինչպես արդեն նշել ենք, նշված սխեմայի գոյությունից շահում են հենց «շուկայի մասնակիցները», ուստի հասկանալի է, որ նրանք իրենց կերակրող ձեռքը չեն կտրի: Մարդկանց մի խումբ, որ հիմնականում ՀՀ կառավարման համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցնում, այս ճանապարհով հավելյալ իրենց գրպանն են դնում 15-ից 20 մլն դոլար:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄՈԼՈՐՎԵԼ ԷՐ
Երեկ խորհրդարանում շարունակվեց քննարկվել ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը ուշագրավ ընթացք ունեցավ: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե իրեն մտահոգում է այն, որ բիզնես միջավայրի ոչ բարենպաստ պայմանների արդյունքում ներդրումների ծավալները նվազում են: Վերջինս նշեց, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է արձանագրվել, իսկ մասնավոր տրանսֆերտների ծավալը վերջին մեկ տարում կրճատվել է շուրջ 30 տոկոսով: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը դեռ նախորդ օրվանից ընդդիմության «թելն» էր թելում: Նա մասնավորապես հայտարարել էր, որ եթե արտադրողականության աճի տեմպը դրամական զանգվածի ավելացումից ավել է, ապա պետք չէ վախենալ սղաճից: ՀՀԿ խմբակցության պատգամավորները կատակով նկատեցին, թե Արտաշես Գեղամյանը մի պահ մոռացել էր, որ ինքն այլեւս իշխանության ներկայացուցիչ է ու միայն լավ կողմերի մասին պետք է խոսի:

 

ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ԿԱՐԾԻՔ Է ՀԱՅՏՆԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը, որը երկու շաբաթ առաջ դաժան ծեծի էր ենթարկվել, լրագրողների ներկայությամբ հնչեցրած իր հայտարարությունը կրկնել է նաեւ իրավապահների համար: Այլ կերպ ասած՝ նա իր կասկածներին պաշտոնական տեսք է տվել՝ դրանք վերածելով ցուցմունքի: Հիշեցնենք, որ վերջինս իրեն ծեծի ենթարկելուց մի քանի օր անց հայտարարեց, որ իր կարծիքով իրեն ծեծողների հովանավորը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Արդյունքում իրավապահներն այս օրերին զբաղված են Սմբատ Հակոբյանի հեռախոսահամարներին եկած զանգերը վերծանելով՝ հասկանալու համար, թե նրան ովքեր են զանգահարել եւ ինչ թեմայով են զրուցել ազատամարտիկի հետ: Ենթադրվում է՝ հեռախոսազանգերը վերծանելուց հետո, ի վերջո, կպարզվի, թե արդյո՞ք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդհանրապես զանգահարել է Հակոբյանին, թե՞ ոչ եւ եթե զանգահարել է, նրանք ինչի՞ մասին են զրուցել:

 

ԲՈԼՈՐՈՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Իշխանական ողջ վերնախավը այսօր պատրաստվում է հավաքվել Էջմիածին քաղաքում: Էջմիածնում նշվելու է քաղաքի տոնը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը եւս այսօր այցելելու է Էջմիածին, որտեղ նա մասնակցելու է սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնում նախատեսված տոնական միջոցառմանը մասնակցելու է ՀՀԿ-ի ողջ ղեկավար կազմը՝ ՀՀ կառավարության անդամները, պատգամավորները, գերատեսչությունների ղեկավարներ եւ այսպես շարունակ:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ: Սարգսյանը Պուտինին նաեւ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով եւ ի շահ Ռուսաստանի բարգավաճման ու նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետեւողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին եւ համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության»: Նշենք, որ ՌԴ նախագահը երեկ դարձավ 63 տարեկան:

 

«ԲԱՄՓԵԼԸ» ՄՈՌԱՑԵՔ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի` ԱՄՆ-ում արած այն հայտարարությունը, թե նա իր մտքում ունի երկրի հաջորդ նախագահին: Աբրահամյանը երեկ խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել հենց Սերժ Սարգսյանին: Իսկ հարցին, թե ունի՞ արդյոք իր մտքում երկրի հաջորդ նախագահին, վարչապետը պատասխանել է, թե կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, քանի որ դեռ երեք տարի կա: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին «բամփելու» մասին իր խոսքերին` նա խորհուրդ է տվել զբաղվել երկրի համար կարեւոր գործերով, ոչ թե ընկնել այդպիսի արտահայտությունների հետեւից` հավելելով, որ նա այդ արտահայտությունը ընդհանուր է արել: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին «բամփելու» մասին երեկ դարձյալ հիշատակել էր Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ
Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ԱԳ նախարարից հետաքրքրվել է, թե Հայաստանը երբ է ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը: Ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ եթե բանակցությունները չշարունակվեն, եւ պատերազմական վիճակ լինի, Հայաստանը ԼՂՀ-ի ճանաչման հարցով քայլեր կձեռնարկի:

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
Հայաստանը եւ Ռուսաստանը միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ «Ռոսատոմ» կորպորացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ կողմերը մշտապես կփոխանակվեն միջուկային եւ ռադիացիոն անվտանգության շուրջ տվյալներով՝ ատոմային էներգետիկայի իրենց օբյեկտներում:

 

ԱՋԱԿՑՈՒՄ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ մեկ այլ կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը։




Լրահոս