ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Իրավապահ համակարգում սպասում են քաղաքական որոշման, ինչից հետո Վահրամ Շահինյանին սպառնում է նվազագույնը աշխատանքից հեռացում, իսկ առավելագույնը՝ քրեական պատասխանատվություն:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականի օգոստոսի 12-ին գրել էր, որ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ղեկավարած գերատեսչությունը քննելու է Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Պարզել էինք, որ Արարատի մարզային քննչական վարչության պետը Արամ Հարությունյանն է, որը ՀՔԾ պետ Վ. Շահինյանի փեսան է:
Իսկ ինչ էր արել մարզի քննիչը: Օգոստոսի 4-ին հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քաղաքացի Ժաննան դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում խուզարկություն է կատարել, սակայն իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի որոշման հետ, որ իր բնակարանում, ըստ օրենքի, պետք է թույլ տան խուզարկություն կատարել: Ավելին` Ժաննայի պատմելով՝ նույն օրը՝ երեկոյան, քննիչը նրան առանց ծանուցագրի տարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ նա պետք է ցուցմունք տա: Ժաննան ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն այս հանգամանքը չի խանգարել քննիչին, քանի որ վերջինս, անկախ ստեղծված իրավիճակից, ցուցմունք է վերցրել Ժաննայից: Ժաննայի խոսքերով՝ հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, սակայն քննիչի կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության ներքո նա ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ: Կնոջ այս հաղորդման հիման վրա էլ ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է նախաքննություն: Եվ հիմա Վ. Շահինյանի ղեկավարությամբ ՀՔԾ-ն քննում է իր փեսայի կառույցի քննիչի գործողությունները:
Ու այս պայմաններում խոսել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության մասին, մեղծ ասած, չի ստացվի: Միգուցե նախաքննության ընթացքում պարզվի, որ ՀՔԾ պետ Վ. Շահինյանի փեսան` Ա. Հարությունյանը, տեղյակ է եղել իր ղեկավարած կառույցի քննիչի գործողությունների մասին, եւ, ահա, այս դեպքում Վ. Շահինյանը արդյո՞ք իր փեսային եւս պատասխանատվության կենթարկի, թե ամեն գնով ջրից չոր դուրս կբերի: Եւ հենց այս ազգակցական կապը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը այս գործը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն` օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Սակայն մինչ օրս դատախազությունում այս որոշումը անհասկանալի հանգամանքներում չի կայացվում: Թե ինչն է խանգարում, դժվար է ասել: Չի բացառվում, որ ՀՔԾ պետը դատախազության հետ «ներքին կարգով» լուծել է հարցը, որպեսզի հարուցված քրեական գործի քննությունը այլ կառույց չուղարկվի, եւ ընտանեկան խնդիրները ՀՔԾ-ի ներսում կարգավորվեն, ավարտվեն:
«Ժողովուրդ»-ը ուսումնասիրելով ՀՔԾ պաշտոնական կայքը՝ Արարատի մարզին առնչվող շատ քիչ քրեական գործեր գտավ: Չի բացառվում, որ ՀՔԾ-ում Արարատի մարզի մասով հատուկ վերաբերմունք կա: Հենց այս հատուկ վերաբերմունք էլ կարող է «ճակատագրական ավարտ» ունենալ ՀՔԾ պետի համար:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՔԾ պետը չի բացառում ինչ-ինչ քրեական գործերում «հովանավորի դեր է» կատարել, ինչի մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Ուստի այս օրերին իրավապահ համակարգում սպասում են մեկ որոշման, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը, արդյո՞ք քրեական պատասխանատվության կենթարկի Վ. Շահինյանին, թե պարզապես կսահմանափակվի նրան աշխատանքից հեռացնելով, ինչը ընդունված պրակտիկա է: Սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԵՐԵՍՈՒՆ ՏՈԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին քվեարկությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, այն ուղարկվեց Բաղրամյան 26: Սերժ Սարգսյանը երեկ արդեն վավերացրեց ԱԺ որոշումը եւ հայտարարեց հանրաքվեի օրը, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: «Ժողովուրդ»-ը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փորձեց հետաքրքրվել, թե, ի վերջո, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ՓՊ-ի կողմից ներկայացրած առաջարկներից որն ընդունեց, որը մերժեց, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի առաջարկների մի մասը՝ մոտ երեսուն տոկոսը, ընդունվել է հանձնաժողովի կողմից: Մոտ օրերս կհրապարակենք համապատասխան տեղեկանք, թե հատկապես, որ առաջարկներն են ընդունվել եւ որոնք չեն ընդունվել»:
Նշենք, որ օրերս փաստաբանների անկախ խումբը հայտարարեց, որ իրենք ուսումնասիրել են փոփոխությունների նախագիծը եւ ամբողջությամբ դեմ են: Ինչ առնչություն ունի այս խումբը ՓՊ-ի հետ: «Ժողովուրդ»-ի այս հարցին Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Փաստաբանների այլ խմբի կողմից կարծիք ներկայացնելու հետ կապված պետք է նշեմ, որ յուրաքանչյուր փաստաբան անկախ է եւ կարող է անձամբ կամ այլ անձանց հետ կարծիք արտահայտել, ունենալ համոզմունքներ, փոխել կամ չփոխել իր համոզմունքները: Փաստաբանների պալատը միայն հարգանքով է վերաբերում գործընկերների կարծիքին: Կարծում եմ, որ մասնագիտական կարծիքների հասցեատերը հասարակությունն է: Քաղաքական գնահատականների պակաս հաստատ չի զգացվելու, քանի որ քաղաքական գործիչները տարբեր տեսակետներից ներկայացնում են փոփոխությունների դրական կամ բացասական կողմերը, եւ այստեղ է, որ մասնագետները պետք է հասարակության ուշադրությունը հրավիրեն մասնագիտական հարցերին, որպեսզի դրանք չանտեսվեն եւ երկրորդական չդառնան»:

 

ՍԹՐԵՍԻ ՄԵՋ Է
Վայք քաղաքում դիմակավորված կնոջ հարձակումից տուժած Զոյա Ավագյանը սթրեսի մեջ է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց կինը` նշելով, որ ի վիճակի չէ խոսելու. «Չեք պատկերացնում, թե ինչ վիճակում եմ, ուղղակի չեմ կարող խոսել: Միայն կարող եմ հայտնել, երբ կինը ներխուժել է իմ տուն, ես մենակ եմ եղել»:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում: 31-ամյա Լիա Մանուկյանը դիմակով ներխուժել էր վերոնշյալ հասցեում ապրող Զոյա Ավագյանի բնակարան եւ սպառնալիքներով, ֆիզիկական ուժ գործադրելով պահանջել գումար եւ ոսկյա զարդեր: Ավելի ուշ պարզվել էր, որ դիմակավորված կինը Զոյա Ավագյանի հարեւանուհին էր, ով լավ իմանալով, որ Զոյան մենակ է տանը, օգտվել էր այդ հանգամանքից եւ ներխուժել էր բնակարան:

 

ԴՈԼԱՐՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 8-ին կազմել է 472.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.54 դրամ (աճել է 2.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը` 724.44 դրամ (աճել է 2.42 դրամով), իսկ ռուսական ռուբլունը` 7.57 դրամ (նվազել է 0,02 դրամով):

 

ՀԵՐԹԱԿԱՆ
Հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը կանցկացվի հոկտեմբերի 9-ին Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտ: Հայկական կողմից մոնիտորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սահմոն Տիլլերը, ադրբեջանական կողմից՝ Եվգենի Շարովն ու Փիթեր Ավեդբերգը:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Միջազգային քրեական դատարանը հաղորդել է, որ մտադիր է հետաքննել 2008 թվականի ռուս – վրացական հակամարտության հանգամանքները։

 

ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ իր երկու պատվիրակները ձերբակալվել, այնուհետեւ հեռացվել են Ադրբեջանից՝ Բաքվի օդանավակայան մուտք գործելիս: Այսպիսով` Բաքուն խորացնում է իր բռնատիրական գործելաոճը` չերկնչելով անգամ Արեւմուտքի կոշտ հակազդեցությունից:

 

1400 ԿՐԱԿՈՑ
Հոկտեմբերի 7-ին եւ լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

 

ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ԵՆ
Երեւանի ավագանու միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7 բնակարանները՝ ազատամարտին մասնակից եւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին:

 

ՄԻՊ-Ը ԶԵԿՈՒՑԵԼ Է
ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը: Հիմնական զեկուցող ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, մասնավորապես, նշել է. «Այս տարի ամփոփված են 188 համակարգային խնդիրներ, որոնցից 60-ը օրենսդրական են: Դրանցից 40-ն առանձնացրել եմ՝ այսօր ներկայացնելու համար: 40 խնդիրներն ուղարկվելու են բոլոր խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովներին, որպեսզի սերտ համագործակցության արդյունքում հարցերը լուծվեն»: Անդրեասյանն ընդգծել է պետպատվերով տրվող դեղորայքի որակի անբավարար լինելը, խնամակալության մարմիններին կից գործող հանձնաժողովների թերի գործունեությունը: Պաշտպանի արձանագրած հաջորդ խնդիրը վերաբերում է դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններին, քանի որ մասնավորապես կալանավայրերում գտնվող անձինք, ովքեր չեն աշխատում, գումար չեն վաստակում, հաճախ կարիք ունեն ստանալ պատճեններ, որոնց պետական տուրքի գումարը 150 դրամ է:

 

ՎԵՐՋՆԱԳՐԵՑ
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ վերջնագիր-ուղերձ է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջով հանրաքվեի չդնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից:




Լրահոս