ՏԱՍՆՅԱԿ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐ ԿԼՔԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումում գործող կրպակներն ապամոնտաժվում էին, իսկ գրավաճառները հավաքում էին իրենց գրքերը: Քաղաքապետարանի այս քայլի  արդյունքում գործազուրկ է դառնալու ավելի քան 300 ընտանիք: Գրավաճառների մի մասը մտադիր է բողոքի ակցիա կազմակերպել, իսկ մի մասն էլ արդեն մտածում է երկրից հեռանալու մասին: 
52-ամյա Գեւորգ Գեւորգյանի ընտանիքը բաղկացած է 9 հոգուց, ընտանիքի միակ աշխատողը նա է, բայց այսօր Գեւորգյանն էլ կորցրեց իր աշխատանքն ու հիմա չգիտի, թե ինչպես վարվի: «Ուզում ենք բողոքել, բայց չգիտենք, թե որ կառույցին: Իրականում միայն քաղաքապետը հնարավորություն ունի լուծել այս խնդիրը, բայց դե ի՞նչ արած, որ նա էլ չի մտածում մեր մասին: Չգիտենք, թե ինչ ձեռնարկենք»,-հուսահատված ներկայացրեց Գեւորգյանը՝ ընդգծելով, որ Վերնիսաժի այգում չի կարող տարածք վերցնել ու գիրք վաճառել, քանի որ այնտեղ «գրքի վաճառքը թույլ է»: Նա նշեց, որ մինչեւ իրենց կրպակներն ապամոնտաժելը Երեւանի քաղաքապետարանից ոչ մի ներկայացուցիչ իրենց չի մոտեցել ու ոչինչ չի առաջարկել: 
«Ես իմ գրքերն արդեն մեքենայով տուն եմ տարել: Իբր երկու տարի անց` վերանորոգումից հետո, պետք է հետ վերադառնանք ու նորից աշխատենք: Բայց ո՞վ է հավատում: Ի՞նչ իմանաս` ինչ պայմաններ են առաջարկելու: Ընտանիքս բազմանդամ է, թոռներ ունեմ: Խելագարվում եմ արդեն: Ո՞նց եմ պահելու էրեխեքիս»,-դժգոհեց տասնհինգ տարվա գրավաճառ Գեւորգյանը:
Իսկ 34-ամյա Հակոբն ընտանիքը պահելու նպատակով լքելու է հայրենի երկիրը: «Երեք օր առաջ եկան ու զգուշացրին: Ասացին, որ ամսի 11-ին այստեղ մաքուր լինի: Ես ընտանիքիս հետ միասին գնալու եմ խոպան: Իսկ մյուսները չգիտեմ: Երեւի մեկը կգնա այգու մեջ կկանգնի, մյուսը՝ Վերնիսաժ, էն մյուսն էլ կմնա առանց աշխատանքի, բայց դա ծայրահեղ դեպքում: Մտադիր ենք բողոքի ակցիա կազմակերպել: Դեռ քննարկում ենք մեր մեջ»,-նշեց Հակոբը:  
37-ամյա Արմանն էլ Սերժ Սարգսյանի նկարով բուկլետը կպցրել էր իր գրքերի դարակին. «Ով նկարը պոկի, դուրս եմ գալու: Շատ եմ սիրում մեր նախագահին, հետեւի մասում էլ Լեւոնն է: Չնայած նախագահի նկարն է կպցրած, բայց ամեն դեպքում դա էլ չի փրկում, թեեւ միայն ինքն է մեր հարցը լուծողը»: 
Մինչ գրավաճառները հավաքում էին իրենց գրքերը, քաղաքացիները շարունակում էին գիրք գնել: Գնորդներից մեկը՝ 53-ամյա Գառնիկ Կարապետյանը, իր դպրոցական երեխայի հետ եկել էր հանրահաշվի գիրք գնելու. «Հինգ տարի է, ինչ այստեղից եմ գիրք գնում: Ափսոսում եմ տեղի ունեցածի համար, բայց դե ի՞նչ կարող ես փոխել: Ստիպված պետք է գնումներ կատարենք գրախանութներից, որտեղ գրքերն ավելի թանկ արժեն: Հետո էլ ասում են` Երեւանը գրքի մայրաքաղաք է, բա էս ի՞նչ ձեւ են վարվում»:
24-ամյա ուսանողուհի Աննա Մանուկյանը եւս կարծում է, որ գետնանցումում վաճառվող գրքերի գներն ավելի մատչելի են, քան գրախանութներում: «Լավ է, որ անցնում ենք քաղաքակիրթ տարբերակի եւ մաքրում ենք անցումները: Բայց այն գրքերը, որոնք մեզ անհրաժեշտ են, գրախանութներում վաճառվում են կրկնակի թանկ, քան անցումում: Իսկ գետնանցումում մենք հնարավորություն ունենք սակարկել գինը: Նրանք հաշվի են առնում, որ ուսանողներ ենք, եւ գինն իջեցնում են»,-ասաց Աննան: 
Գրավաճառներից մեկը տեղեկացրեց, որ տարածքը պատկանում է «Գրեյթ Վիկտորյա» ՓԲԸ-ին:  «Գրեյթ Վիկտորյա» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Բայբությանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գրավաճառներն իրենց ընկերության հետ կապ չունեն, եւ իրենց հետ ոչ մի տեսակի պայմանագիր չկա կնքված: «Գրավաճառները վերանորոգման աշխատանքների մասով արդեն տարիուկես է, ինչ տեղեկացված են եղել: Ես անձամբ իրենց հետ խոսել եմ, նույնիսկ առաջարկել եմ, որ վերանորոգումից հետո իրենք աշխատանք կունենան: Վերանորոգումից հետո կլինեն գրախանութներ: Մեր ընկերությունը պատրաստ է իրենց ընդունել աշխատանքի: Ուղղակի մենք ունենալու ենք պահանջներ. նրանք պետք է անպայման սափրված լինեն: Ավելի կոկիկ կլինի, մաքուր եւ հաճելի սպառողների համար»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս