Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին մերժվեց «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության ս.թ. դեկտեմբեի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայտը:
«Քաղաքացիական շտաբ»-ի վարչությունն այսօր այդ առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Քաղաքացիական շտաբ»-ի վարչությունը սույն մերժումը համարում է չարդարացված, կողմնակալ և կանխորոշված որոշման արդյունք: ԿԸՀ որոշման մեջ բառացի ասված է. «Քաղաքացիական շտաբ քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր», ինչով և հիմնավորվել է մերժումը, սակայն ՔՇ կանոնադրության 2.1 կետով նշված է՝ «Նպաստել ՀՀ-ում քաղաքացիական, իրավական հասարակության կայացմանը»: Քաղաքացիական իրավունքների կարևորագույն մասը հանդիսանում է ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունքը: Հետևաբար անհնարին է պատկերացնել, որ տվյալ կետը չի խոսում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին:
Չնայած այս մերժմանը, համագործակցելով այլ դիտորդական առաքելությունների և լրատվամիջոցների հետ մենք գործուն ազդեցություն ենք ունենալու քվեարկության ընթացքի օրինականության ապահովման վրա:
Վարչության անդամ Ն. Ալոյան»: