ԼՂ հիմնահարցի տեղափոխումը այլ հարթակներ կխոչնդոտի խաղաղ կարգավորման գործընթացին. Սերգեյ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ՄԱԿ­ի կողմից ստացել է համապատասխան մանդատ, և կողմերից մեկի փորձերը այդ հարցը տեղափոխել այլ հարթակներ միայն կխանգարի խաղաղ կարգավորման գործընթացին»,­նշեց նա` մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի ընդունումը:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով վերը նշված զեկույցի ընդունումը, շեշտեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ԼՂ հիմնահարցը փորձում է տեղափոխել այլ միջազգային հարթակներ: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլ միջազգային կազմակերպություններ չպետք է քայլեր ձեռնարկեն, որը կխանգարի ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին»,­ընդգծեց Նալբանդյանը` հավելելով, որ ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը եղել է «Ադրբեջանի ընկերը» բրիտանական պառլամենտում և մշտապես ֆինանսավորվում էր ադրբեջանական ընկերությունների կողմից:

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են` «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»:




Լրահոս