Երեկ խորհրդարանում շարունակվեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, որով նախատեսվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը կիրառել 3 մարզերում: Խորհրդարանում նախագիծը ներկայացնում էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելութում նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է նախարարությունն այժմ ներկայացնում այդ նախագիծն այն պարագայում, երբ ՀՀ-ում լուրջ քաղաքական գործընթացներ են իրականացվում: «Նոր Սահմանադրությունը տալիս է լավ լուծումներ, ի՞նչ ենք ուզում սրանով անել, մանավանդ, որ այստեղ ներկայացված է, թե հաշվի են առել հանրաքվեի (համայնքային Ս. Գ) արդյունքները: Հանրաքվեի արդյունքները ոչ միայն հաշվի չեն առնված, այլեւ այս նախագիծը ներկայացվել է Սահմանադրության 110 հոդվածի կոպիտ խախտմամբ: Այդ հոդվածն ասում է՝ պետք է ներկայացվեն, կցված լինեն հանրաքվեների արդյունքները: Հանրաքվեի արդյունքներ այս նախագծին կցված չեն: Ինչու չեն արել, որովհետեւ նշում են, որ արդյունքները դրական են»,-հայտարարեց ՀՅԴ-ականը:
Ա. Ռուստամյանն առաջարկեց սպասել սահմանադրական փոփոխություններին. «Մենք առաջին անգամ դրել ենք հնարավորություն, որ համայնքապետերը կարող են ընտրվել անուղղակի, Երեւանի օրինակը մտադիր ենք տարածել մարզերում: Բազմաթիվ լուծումներ կան: Այս տրամաբանությամբ որ գնանք, անիմաստ է դառնում այս կցկտուր, թքած կպցրած ինչ-որ լուծումը, այն էլ, որ վերաբերում է միայն 3 մարզի»,- նշեց պատգամավորը:
«Ժողովուրդն»-ն այս առիթով մի քանի հարցեր է ուղղել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանին:
-Պարո՛ն Տերտերյան, պատգամավորները հայտարարում են, որ պետք չէր սահմանադրական հանրաքվեի «ֆոնին» իրականացնել համայնքների խոշորացում, առավել եւս, որ նոր Սահմանադրությամբ առավել լավ «մեթոդներ» են նախատեսվում: Ինչո՞ւ եք որոշել այսպես հապշտապ այս նախագիծը օրինագծի «վերածել»:
-Մենք չենք շտապում, մենք իրականում այս ծրագիրը շատ երկար ենք իրականացնում, քննարկում: Եթե նկատել եք՝ որեւէ մեկը չի հայտարարել, որ անսպասելի էր, նոր են տեղեկացել, որովհետեւ իրականում այս ծրագրի վրա մենք երկար տարիներ աշխատել ենք: Պարոն Ռուստամյանի հայտարարությունը լսել եմ ու կարող եմ նշել, որ այո, նոր Սահմանադրության մեջ շատ ու շատ մտքեր համահունչ են մեր խոշորացման գաղափարախոսությանը, որովհետեւ երբ մենք ասում ենք խոշորացում, մենք ասում ենք մրցակցային ավագանի, նաեւ հեռակա մեր ծրագրերում ունենք համամասնական ընտրություններ, ինչն իսկապես ներառված է Սահմանադրության առաջարկություններում: Բայց պատգամավորները տարբեր հակասական հայտարարություններ են անում, օրինակ՝ ՀՅԴ-ն ասում է՝ պետք է անել ամբողջական, միանգամից, վստահ, խորքային, մյուսներն էլ ասում են, թե պետք է անել շատ զգույշ, քանի որ հազար ու մի պրոբլեմներ կան: Մեր ընտրած տարբերակը, դա ընդհանուր բոլոր ռիսկերը հաշվի առած, կշռադատված ճանապարհ է: Անենք ծրագիր, հասկանանք՝ ինչում ենք ճիշտ, ինչն ենք սխալ անում, ինչ ռիսկեր կան եւ այլն: Չի բացառվում, որ մենք հետագայում այդ մասսայական խոշորացումը անենք, մենք այս 10 տարի է՝ դա ենք ասում, որ վարչական ռեֆորմը պետք է անել արագ, միասին ու կտրուկ:
-Իսկ ինչո՞ւ չեք ընդունում ՀՅԴ-ի առաջարկությունը, ինչո՞ւ Ձեր ասած կտրուկ փոփոխությունները չեք իրականացնում, ո՞րն է Ձեր մտավախությունը:
-Բոլոր վարչական ռեֆորմները ենթադրում են որոշակի ծախսեր, որոնք ոչ թե դասական իմաստոց գումարային ծախսերին են վերաբերում, այլ դրանք ենթադրում են ռեսուրս: Պետք է ամբողջ հասարակությանը նախապատրաստել, աշխատող պատասխանատուների մի ամբողջ բանակ ստեղծել, պետք է կարելի լինի մի համակարգից մյուսին անցում կատարել, դա էլ մեծ ռեսուրսների հետ է կապված: Հիմա մենք այս փորձնական ծրագրով կհասկանանք, թե մեզ ինչեր են սպասվում, որն էլ հնարավորություն կտա նախապատրաստվել: Միանգամից դեռեւս չի նշանակում այսօր մտածել, վաղն էլ իրագործել: Կան ռիսկեր, որոնց մասին մենք էլ գիտենք, մենք էլ ենք հասկանում, թե ինչ է այս ամենը նշանակում: Արամ Մանուկյանն ասում է՝ մի տեղ անենք, ՀՅԴ-ն ասում է՝ բոլորն իրար հետ անենք, մյուսն էլ ասում է՝ հատ-հատ անենք, այսինքն՝ կան տարբեր կարծիքներ, մենք էլ ունենք համոզում, որ այդ պիլոտային ծրագիրը պետք է ունենանք, պետք է ունենանք կառավարման նոր տիրույթ, որտեղ կարելի կլինի մեր պատկերացումներն իրացնել:
-ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում նշեց, որ այն փաստարկը, թե համայնքների բնակիչները կողմ են այդ խոշորացմանը, քանի որ դա արտահայտվել է հանրաքվեի միջոցով. այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ բոլորն էլ գիտեն, թե իշխանություններին ինչպես է հաջողվում նման հանրաքվեներ անցկացնել:
-Նախ սկսենք նրանից, որ նման հայտարարությունները, թե գիտենք՝ ինչպես են անցկացվում, գիտենք՝ ինչ է արվում, ես դրան կողմնակից չեմ, ես որեւէ կատեգորիկ գնահատականի կողմ չեմ, մանավանդ որ դրանք վերաբերում են սոցիալական ծրագրերին եւ այլն: Գնում են գյուղ, 5-6 հոգու հետ հանդիպում են, գալիս, ասում են՝ ամբողջ գյուղը, իսկ մենք նման հայտարարություն երբեք չենք անում, մենք ներկայացնում ենք այն, ինչ կա: Խոսելուց պետք է զգույշ լինել, պետք չէ մի քանի բան խառնել ու խոսել մի բանի մասին:
8-Ը՝ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ, 8-Ը՝ ՀԱՐԱՎՈՒՄ. «ԱՅՈ ԵՎ ՈՉ» ՇՈՈՒՆ ՍԿՍՎԱԾ Է
Այսօրվանից Հայաստանի մարզերում մեկնարկելու է այո-ի եւ ոչ-ի քարոզարշավը, որին ընդառաջ երեկ արդեն ուղեւորվել են մի խումբ պատգամավորներ՝ մասնակցելու սահմանադրական «ռեալիթի շոու»-ին:
«Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները ուղիղ եթերով հեռարձակելու են պատգամավորների քարոզարշավը: Քարոզչական խմբերը երեկվանից մեկնել են մարզեր, որտեղ 20 օր շարունակ քարոզչություն են իրականացնելու: Խմբերը լինելու են Հայաստանի հյուսիսային եւ հարավային հատվածներում. յուրաքանչյուր ուղղությամբ մեկնել են ութական մասնակից, որոնցից չորսն այո-ի կողմնակիցներ են, չորսը՝ ոչ-ի: Ուղիղ եթերը լինելու է 12-14 ժամ, գիշերային ժամերին կլինի այդ օրվա կրկնությունը, առանձին հարցազրույցներ, իսկ առավոտյան կլինի նախօրդ օրվա օրագիրը` մոնտաժված տարբերակով: Ի դեպ, նշվում է, որ նման կերպ քարոզչություն իրականացնելը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի առաջարկն է եղել, որն էլ հավանության է արժանացել հեռուստաընկերությունների կողմից:
«Ռեալիթի շոուի» մասնակիցները հարավային կետից՝ Ագարակից կգան Սյունիք, կմտնեն Վայոց Ձոր, ապա Արարատ, Արմավիր եւ կմտնեն Կոտայք: Հյուսիսային ուղղությունը կսկսեն Ապարանից, կլինեն Արտաշատում, Թալինում, հետո Շիրակի մարզ՝ Գյումրի, Ամասիա, Լոռի, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ, Դիլիջան ու կավարտեն քարոզչությունը Գեղարքունիքի մարզում: Դեկտեմբերի 2-ին երկու խմբերը կվերադառնան Երեւան: Իսկ քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, կլինեն դեբատներ:
«Ռեալիթի շոուի» շրջանակներում հյուսիս են մեկնել՝ այո-ի «թիմից» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը: Ոչ-ի խմբում են Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը՝ «Հայազն»-ից, եւ Նարեկ Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:
Հարավի այո-ի «թիմում» են ընդգրկվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ՝ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: Ոչ-ի խմբում են Հրանտ Բագրատյանը, Թամարա Գեւորգյանը, Վաղինակ Շուշանյանն ու Ազատ Արշակյանը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆԻՍՏ՝ ԱՌԱՆՑ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ
Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել եւ ամփոփվել են այս տարվա սեպտեմբերի 3-ից 6-ը տեղի ունեցած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները: Այս նիստը հատկապես հետաքրքիր է Արցախի եւ ազատագրված տարածքների շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ Բակո Սահակյանի մոսկովյան այցի ֆոնին: Սակայն ուշագրավն այն է, որ ԱԱԽ նիստին ներկա չի եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Համենայնդեպս, ԱԱԽ նիստի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությանը կցված լուսանկարներում նա չկա: Նշենք, որ Գորիկ Հակոբյանը մյուս տարի կդառնա 70 տարեկան:
Նկատենք, որ արդեն մոտ երկու տարի է՝ ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է: Ինչպես հայտնի է՝ մինչեւ 2014 թվականի ապրիլն այդ պաշտոնը զբաղեցնում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա պաշտոնանկությունից հետո ԱԽՔ պաշտոնն այդպես էլ մնաց թափուր:
ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը 4-ից 5 դրամով թանկացել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս թանկացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Ուշագրավն այն է, որ ձվի գնի բարձրացման փաստը նույնիսկ պաշտոնական վիճակագրությունում է արտացոլված: Այսպես՝ ձվի միջին գինը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2015 թվականի հոկտեմբերին, այս տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 2.1 տոկոսով: Հանրապետությունում դիտարկված 8 քաղաքներում 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձվի գինն աճել է մինչեւ 4.7 տոկոս: Մայրաքաղաք Երեւանում, ըստ ԱՎԾ-ի, ձվի գինն աճել է 2.7 տոկոսով:
ՀԷՑ-Ը ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԻ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն չի բողոքարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 11-ի նիստում կայացրած որոշումը: ՀԾԿՀ-ի կայացրած որոշման համաձայն՝ ՀԷՑ-ը պետք է 5 միլիոն դրամի չափով տուգանք վճարի: Իսկ պատճառը «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ի հետ կապված պատմությունն է, որին «Ժողովուրդը» ժամանակին անդրադարձել է: Պարզվել է, որ ամիսներ շարունակ նշված ՀԷԿ-ի կողմից ՀԷՑ-ին մատակարարված էլէներգիայի ծավալներն արհեստականորեն ուռճացվել են: Արդյունքում նշված ՀԷԿ-ը շուրջ 95 միլիոն դրամի հավելյալ եկամուտ էր ստացել, որի դիմաց էլէներգիան իրականում չի մատակարարվել: Նշենք, որ հիշատակված ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի իրացման գծով տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին: Վերջինս պաշտոնից ազատվել է հենց այս պատմության բացահայտումից հետո: