Երևանում մի թեթև անձրևի հետևանքը նման է տարերային աղետի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանում մի թեթև անձրև տեղաց։ Հետևանքը նման էր տարերային աղետի։ Նկարում պատկերված է Երևանի Թամանյան-Կողբացի խաչմերուկը անձրևից մի քանի րոպե անց։ Անձրևի հետևանքով մայրաքաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում մի իսկական ջրհեղեղ էր առաջացել։ Լայնն էր վիճակը նաև կենտրոնական այl խաչմերուկներում։ Եթե հետևենք տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի այսպես կոչված մամուլի հաղորդագրություններին, որոնք բացառապես PR բնույթ ունեն, ապա տպավորություն կստեղծվի, թե Երևանում ամեն ինչ կարգին է, էլ խնդիրներ չեն մնացել։ Անընդմեջ ու ամենուր տարվում են ասֆալտապատման, կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ…։ Բայց հերիք է մի սովորական անձրև գա ու վերջ, պարզվում է, որ կատարված աշխատանքները, սովետական տերմինով ասած՝ «խալտուրաներ» են։ Արտաքինից ամեն ինչ պլպլում է, իսկ տարրական ինժեներական լուծումները չեն տրվում։

Եվ դա այն պայմաններում երբ միայն փողոցների «բարեկարգմանը» թե պետական բյուջեից, և թե տեղական բյուջեից աստղաբաշխական գումարներ են հատկացվում, ու աշնանն էլ էլի մի քանի միլիարդ հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից։ Ամեն անգամ տեղացած անձրևից, ձյունից հետո խնդիրներ են ի հայտ գափս, որոնք պետք է վաղուց արդեն լուծված լինեին, հաշվի առնելով այն հսկայական ֆինանսական միջոցները որոնք պարբերաբար հատկացվում են այդ նպատակով։ Ու ընդհանրապես, Երևանում քաղաքային նշանակության որևէ կարևոր խնդիր, ըստ էության, լուծված չէ։ ՀՀ մայրաքաղաքում ժամանակակից չափանիշների տեսանկյունից հասարակական տրանսպորտը, կարելի է ասել իսպառ բացակայում է։ Ցերեկվա ժամերին մայրաքաղաքի կենտրոնը կաթվածահար է լինում խցանումների պատճառով։ Երևանը նմանվում է մի մեծ, շատ մեծ ավտոկայանատեղիի, հրշեջ ու շտապօգնության մեքենաները նպատակակետին հասնելու համար գերմարդկային ջանքեր պետք է թափեն…։ Ու այս վիճակը շարունակվում է տարիների շարունակ։ Ու էլի է շարունակվելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս