Մենք պետք է պայքարենք ակադեմիական երաժշտության որակները պահպանելու համար. Ռալֆ Յիրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ակադեմիական երաժշտության պահպանումն ու սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը 2011 թվականից գտնվում է այդ ուղղությամբ եզակի ծրագիր իրականացնող կողմերի՝ «Արս լունգա» դուետի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Հնգամյա ջանքերի շնորհիվ, ձայնագրվել է դուետի և տրիոյի համար նախատեսված 18 ձայնասկավառակ՝ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով: Այդ ինքնատիպ անթոլոգիան ներառում է 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը ներկայացնող՝ ստեղծագործական մտքի և կոմպոզիտորական արվեստի լայն սպեկտր: Թողարկված ձայնասկավառակներում կան ոչ միայն անվանի և ճանաչում ունեցող, այլև երիտասարդ սերունդը ներկայացնող հայաստանաբնակ և սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություներ: Դրանց շարքում կան այնպիսիք, որոնք դեռևս չեն հնչել և հայտնի չեն լայն հասարակությանը:

«Ներկայումս ակադեմիական և դասական երաժշտության ծրագրերի ժողովրդականության նվազման միտում է նկատվում: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ թվային դարաշրջանն արագացնում է կյանքի ռիթմը և տալիս գործիքներ՝ առանց հավելյալ ջանքերի կամ ժամանակային կորստի մշակույթին հաղորդակցվելու համար: Մինչդեռ մնայուն արժեքները՝ բարձր արվեստը, այդ թվում, երաժշտությունը, խորապես հասկանալու և գնահատելու համար պահանջվում են ժամանակ և մտավոր ջանքեր: Հենց այդ պատճառով մենք պետք է պայքարենք ակադեմիական երաժշտության որակները պահպանելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երկկողմ համագործակցության արդյունքում իրականացված նախագիծը խիստ պատասխանատու է՝ հայ կատարողական արվեստի բարձրարժեքությունը սերունդներին ներկայացնելու հարցում: Դրա շնորհիվ ի հայտ են եկել կոմպոզիտորական արվեստում փայլող նոր անուններ և հավաքագրվել են վաղուց մոռացված նոտաներ: 2011թ.-ից իրականացվող ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 16 մլն դրամի ներդրում:

4ea83ffc-af5e-4d37-9035-b10d6dfebd0b

Գնահատելով «Արս Լունգա» դուետի հետ հաջողված համագործակցության արդյունքը՝ Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության նպատակով թողարկված ոսկե հուշամեդալով է պարգևատրել ծրագրի համահեղինակներ՝ թավջութակահար Արամ Թալալյանին և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանին:

Դուետն իր կատարումներով հասցրել է նվաճել ոչ միայն հայ, այլև արտերկրի երաժշտասեր հասարակության սերը: «Արս լունգան» այս տարի հրավիրվել է Թբիլիսի՝ վրաց անվանի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի 90-ամյա հոբելյանական համերգին մասնակցելու համար: Իսկ մինչև այդ, անզուգական դուետը ներկայանում է հայ հանդիսատեսին՝ «Կոմիտաս Վարդապետ և Սուլխան Ցինցաձե. հայ և վրաց դասականների անդրադարձը ֆոլկլորին» համերգով:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս