Չենք ցանկանում սրել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի դեպքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին ռազմավարական կարևոր գործընկեր է համարում և չի ցանկանում սրել հարաբերությունները. փոխանցում է РИА Новости-ն:

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ցավում է Սու-24-ի դեպքի հետ կապված Ռուսաստանի արձագանքի համար:

«Մենք նախապես զգուշացրել ենք, որ մեր օդային տարածքի խախտման դեպքում ավտոմատ կպատասխանենք: Օդային տարածքի խախտման նման դեպքեր արդեն եղել են: 10 նախազգուշացումից հետո, որոնց ձայնագրությունը հրապարակված է, այդ կաննոները կիրառվել են անհայտ ինքնաթիռի նկատմամբ: Թե ում է պատկանել ինքնաթիռը, հայտնի է դարձել դեպքից հետո»,-ասել է Թուրքիայի նախագահը Անկարայում գյուղական վարչակազմի ղեկավարների նիստի շրջանակներում:

«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ մեր տարաձայնությունները մի բան են, իսկ սպառնալիքների արձագանքման կաննոները՝ մեկ այլ»,-հավելել է Էրդողանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս ներողություն չի խնդրել Սու-24-ի համար և գիտակցաբար Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի է մտցնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս