Կեղծ անձնագրերի և մուտքի կեղծ թույլտվությունների միջոցով իրականացվել է անօրինական միգրացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու համար Օ.Շավիշյանը և ոմն Գեղամ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենցից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 15.000 եվրո կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում պարզվել են ոմն Գեղամի ինքնությունը և անօրինական միգրացիայի մեխանիզմը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ երեք քաղաքացիների օտարերկրյա պետություն մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար Օ.Շավիշյանը և Գ.Վահանյանը նրանցից պահանջել և ստացել են 7.912.950 ՀՀ դրամին համարժեք 15.000 եվրո կանխիկ գումար։ Սակայն օրինական փաստաթղթերի փոխարեն նրանց են տրամադրվել կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես՝ 2015 թվականի օգոստոսի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում Օ.Շավիշյանը և Գ.Վահանյանը ՀՀ երեք քաղաքացիներին տրամադրել են նրանց տվյալներով, մուտքի կեղծ թույլտվություններով ՌԴ քաղաքացիների կեղծ անձնագրեր և անձամբ ճանապարհել օտարերկրյա պետություն` Չեռնոգորիայի Հանրապետության Տիվատ քաղաք, որտեղ վերջիններս պետություն են մուտք գործել վերը նշված կեղծ անձնագրերով:
ՌԴ քաղաքացու անձնագրերի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է Չեռնոգորիայի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն արտաքսվել են Հայաստան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Վահանյանին և Օ.Շավիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելը):
Նախաքննությունը շարունակվում է:

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են նշված անձանց գործողությունների հետևանքով, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Խանջյան 51):

 




Լրահոս