ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵԾՈՒՄ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Իլուր»-ի լրագրող Հակոբ Կարապետյանից հետաքրքրվել, թե, ի վերջո, ինչն է եղել պատճառը, որ Նոր Նորքում տեղի ունեցած Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ Աշոտ Պապայանը հարձակվել է իր վրա եւ ծեծի ենթարկել: Ավելին, խլել տեսախցիկն ու որոշ ժամանակ անց վերադարձրել պոլիէթիլենային տոպրակով՝ բոլոր ֆայլերը ջնջված: «Ես քարոզարշավն էի լուսաբանում եւ ընդամենը նկատեցի մի մեքենա, որտեղ կային շատ փուչիկներ, եւ այդ փուչիկները բաժանում էին երեխաներին: Այդ ժամանակ հայտնվեցին տղաներ, թե ինչ ես նկարում, ինչի ես նկարում, եւ սկսեցի բացատրել, որ իմ աշխատանքն եմ անում: Ու քանի որ նրանք սկսեցին բանավեճի մտնել ինձ հետ, «տեսախցիկը պահեցի նրանց դեմքներին, ու այդտեղից սկսվեց քաշքշուկ, որին միացավ ՀՀԿ նախընտրական ցուցակի անդամ Աշոտ Պապայանը՝ Տուրբոն»,-պատմեց լրագրողը: Վերջինիս խոսքով` տարածքում եղել են ոստիկաններ, որոնք չեն միջամտել. «Իմ հագուստն ամբողջությամբ պատառոտված էր, ու բերանիս հատվածում արյուն կար, սակայն դա ոստիկանները չնկատեցին կամ չնկատելու տվեցին»: Ի դեպ, Ա. Պապայանը 2006-ից մինչեւ օրս սովորում է «Մխիթար Գոշ» համալսարանում:

ՓՈՂ ՉԿԱ
«Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ ստացավ մի քանի անասնաբույժներից, որոնք դժգոհում են իրենց աշխատավարձի չափից. «Մեկ գյուղի անասուններին սպասարկելու համար ստանում ենք մոտ 6200 դրամ, որը նվազագույն աշխատավարձից էլ ցածր է: Այս պատճառով էլ անասնաբույժի աշխատանքը չի համարվում աշխատանքային ստաժ»: Խնդրի առնչությամբ զրուցեցինք ՀՀ ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Ավագյանի հետ. «Ավել ու պակաս տալը ոչ ոքի քմահաճույքով չէ: Կա սահմանված մեկ միավորի արժեք կատարած աշխատանքի դիմաց, տարբեր անասնաբույժներ տարբեր չափի վարձատրվում են, դա ինչ-որ հաստիքայն գումար չէ: Այն կախված է անասնաբույժի կողմից սպասարկվող առկա կենդանիների գլխաքանակից: Եթե կա համայնք, որտեղ 100 գլուխ անասունին պատվաստում է մի անասնաբույժ, բնականաբար, նա կարող է ստանալ Ձեր նշած հինգ հազար դրամը: Նշեմ, որ այս տարվա երկրորդ կեսին հավանաբար լրացուցիչ ֆինանսավորում կլինի, եւ կլինեն հաստիքային աշխատավարձով անասնաբույժներ»: Հավանաբար այս պատճառով են անասնաբույժները սկսել թերանալ իրենց աշխատանքում, որի արդյունքում անասունների մոտ ի հայտ են գալիս բազմաթիվ հիվանդություններ, որոնց մի մասը երբեմն գաղտնի է պահվում: Եվ պետական բյուջեից ավելի մեծ ծախս է արվում:




Լրահոս