1000 ԴՈԼԱՐԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել է դատարան: Ըստ այդ փաստաթղթի՝ Վ. Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար իր հարեւան մետլաղագործներին վճարել է 1000 ԱՄՆ դոլար: Ընդ որում, նրանցից մեկը զենք ունեցել է դեռեւս 1996թ.-ից եւ դրանից էլ կրակել է: Իսկ թե ինչքան գումար է տվել մահափորձն անելու համար, փաստաթղթում նշված չէ:
Երբ քաղաքականությունից ոչինչ չհասկացող քննիչները (որոնք թերթ կարդալը, լուրերին հետեւելը համարում են «անիմաստ զբաղմունք») որոշում են քննել քաղաքական պատվերի շրջանակներում ծնված քրեական գործեր, արդյունքը մշտապես զավեշտալի է լինում: Որքան էլ տարօրինակ է, ԱԱԾ քննչականի կողմից 3 ամիս շարունակ քննված քրեական գործի արդեն հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ անհասկանալի դրույթները շատ են:    
Եվ այսպես, համաձայն պաշտոնական փաստաթղթի՝ Սեդրակյանն իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013-ի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը` 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այս գործը կատարելու համար Վարդան Սեդրակյանը զենք ձեռք բերելու նպատակով նրանց տվել է 1000 դոլար, ինչը Խ. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջեւ:
Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խ. Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996թթ. ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Էպոսագետի հարեւան Խ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նշված թվականին ձեռք է բերել նշված «անտիկվար» զենքը եւ կրակելու համար նախատեսված 9 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ: Դրանք, փաստորեն, Խաչատուրը 18 տարի խնամքով պահել է տանը՝ թերեւս մինչեւ էպոսագետից հրահանգ ստանար կրակել Հայրիկյանի վրա:
Սա Խաչատուրի մասով, իսկ Ս. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ու իր ընկեր Խ. Պողոսյանը, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին «ստանալով պատվեր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը եւ զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար»:
Այդպես էլ անհասկանալի է մնում. ինչքա՞ն գումարի դիմաց են էպոսագետի հարեւան մետլաղագործները կրակել Հայրիկյանին: Արդյոք 1000 ԱՄՆ դոլարով նրանք կգնային այդպիսի ռիսկի: Կարծում ենք՝ ԱԱԾ-ն այս փաստաթղթով նաեւ Հայրիկյանի արժեքն է բացահայտել:
Ի դեպ, այս ծիծաղելի գործը դատարանում կքննի դատավոր Գագիկ Պողոսյանը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս