ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանի կենտրոնում
Հայ-ռուսական բարեկամությունն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Երեւանյան երթուղայինները սկսել են արտաքին քարոզչությամբ զբաղվել:
ՀԱՐՑ. Քույրս վերջերս ազատվել է աշխատանքից: Ցանկանում է իմանալ՝ նա կարո՞ղ է օգտվել տվյալ տարվա ընթացքում կուտակած սոցփաթեթի գումարից:
Լիա Մխիթարյան (29 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցփաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցփաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ սոցիալական փաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին՝ պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը (օրինակ՝ եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլին եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբերին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտը ներառյալ՝ այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով): Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ սոցփաթեթը գործում է 2012թ. եւ իր մեջ ներառում է առողջապահության ապահովագրություն, հանգստի կազմակերպում, հիփոթեքային վարկի եւ կրթության վճարի տրամադրում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր իրավունք ունեն ստանալ մշտական կացության կարգավիճակ, ի՞նչ է անհրաժեշտ վերջինիս տրամադրման համար:
Սուսաննա Մելքոնյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 1922, իսկ ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը՝ 6416: