ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵ՞Ն ՍՏՈՐԱԳՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում քիչ հավանական համարեց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջիկա բեկումնային փոփոխությունները:  
-Պարո՛ն Բաբայան, հետեւելով վերջին զարգացումներին` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մոտենում են տրամաբանական ավարտին, եւ օր օրի օղակը սեղմվում է: Ձեզ համար նկատելի՞ չէ նման միտումը: 
-Ես այդպիսի բաներ չեմ նկատել, ի՞նչ օղակ պետք է սեղմվի, ոչ մի շտապողականություն, ոչ մի բան չկա, բոլորդ էլ գիտեք, որ սա այնքան բարդ հարց է, որ շատ դժվար է լինելու կարգավորել: Այսինքն` հարցը կարգավորված է. դա այն տարբերակն է, որ արդեն 20 տարի գործում է: Սա կարգավորման մի տարբերակ է, եւ քանի չկա այլ տարբերակ` ընդունելի բոլորի համար, այս տարբերակը համարվում է, այսպես ասած, ամենակոմպրոմիսային տարբերակներից մեկը: Ուրիշ բան է, երբ անընդհատ պետք է ասենք, որ պետք է քայլեր կատարենք, պետք է ստատուս քվոն փոխենք: Տեխնոլոգիաներ են, որոնք պիտի կիրառվեն, քանի որ իրոք պետք է հանգուցալուծում լինի: Պետք է լուծումը պահպանվի, իսկ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, անընդհատ փորձում է ապակայունացնել իրավիճակը: Դրա համար ասվում է՝ պետք է աշխատենք, այսպես անենք եւ այլն:
-ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս կարծես թե խախտեց բանակցությունների գաղտնիությունը. նա նշեց, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը համաձայն է Մադրիդյան սկզբունքների 2007թ. տարբերակով հարցը լուծել, իսկ Ադրբեջանն էլ հակված է նորացված` 2009թ. սկզբունքներին: Արցախը տվե՞լ է իր համաձայնությունը: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը:
-Այդ սկզբունքներն ընդհանուր են, այնտեղ կա գրված, ասենք, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունք: Մինչդեռ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անվերապահորեն գործում է մեկ դրույթ. եթե համաձայնեցված չէ ամեն ինչ, ապա համաձայնեցված չէ ոչինչ: Այսինքն` անգամ եթե մեկ ստորակետ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ: Պետք է դա հասկանալ ու փորձել չշահարկել: Բացի այդ, կան բազմաթիվ հարցեր. Արցախը չի մասնակցում որպես լիիրավ կողմ, սա էլ է հարց: Դրա համար ասվում է՝ Մադրիդյան սկզբունքներից ամենակարեւորը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքն է, որի հետ կողմերը` առնվազն հայկական կողմերը եւ միջնորդները,  համաձայն են: Անթույլատրելի են պատերազմական գործողությունները, բռնի ինչ-որ մոտեցումները. մենք դա ընդունում ենք, ու կարծում եմ, որ դա ընդունելի է բոլորի համար: Եթե պատերազմ սկսվի, ապա նորից ուրիշ ձեւաչափ կգործի, այլ զարգացումներ կլինեն, եւ արդեն կարգավորում չի լինի, կլինի պատերազմ:
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից հետո նշվում է, որ հունիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում է լինելու: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է՝ այդ հանդիպման արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի:
-Չեմ կարծում, որ որեւէ բան լինի: Մամեդյարովն ինքն ասել է, որ մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունները չավարտվեն, ակտիվացում չի սպասվում: Իհարկե, ոչ մի երկիր ընտրությունների ժամանակ չի կարող գնալ այս կամ այն քայլին: Այսքան տարիների ընթացքում պետք է որ պարզ լիներ. ռեալ պետք է մտածել, թե ինչ պետք է ակնկալել, եւ ոնց պետք է դա հանգուցալուծվի: Երբ կողմերն ունեն լիովին այլ` իրարամերժ  տարբերակներ, ապա հանգուցալուծումը հնարավոր չէ: Ամենակարեւորը խաղաղության պահպանությունն է, ուղղակի շահերն են ստիպում, որ նշված տարածաշրջանում պատերազմ չլինի:
-Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանին լիազորություններ տվե՞լ է, որ նա որոշումներ կայացնի ԼՂՀ-ի փոխարեն:
-Այդ ամենի պատասխանը պետք է տան Սերժ Սարգսյանը եւ ՀՀ բոլոր նախագահները.  Հայաստանը չի կարող ընդունել որեւէ որոշում` առանց Արցախի ժողովրդի համաձայնության:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 547 համար




Լրահոս