ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը Նախախորհրդարանը կրկին Վանաձորում էր: Հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցան Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը եւ շարժման այլ ակտիվիստներ: Նախախորհրդարանի անդամները հակիրճ ներկայացրին գործողությունների ծրագիրը եւ կոչ արեցին ժողովրդին ինքնակազմակերպվել:
Ժիրայր Սէֆիլյանն իր ելույթում նշեց. «Այս օրվա հետ կապված՝ տարբեր մարդիկ ասում էին, որ օրը հարմար չենք ընտրել: Բայց երբ երկիրը դատարկվում է, ի՞նչ տոն: Ականատես ենք լինում տոնակատարությունների, որտեղ կիլոմետրերով սեղաններ են գցում, իսկ ժողովրդի զգալի մասը հացի է կարոտ: Միլիոնավոր դրամի արժողությամբ պսակներ են դնում այս կամ այն քարի մոտ՝ նորից չտեսնելով մեր ժողովրդի խայտառակ վիճակը: Մենք այստեղ ենք եկել հստակ ծրագրով, ես կոչ եմ անում երիտասարդներին՝ մի՛ արտագաղթեք, մենք սկսել ենք գործը, մի՛ գնացեք, պայքարե՛ք, ես կոչ եմ անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին՝ վա՛ր դրեք ձեր դրոշները եւ վերցրե՛ք միայն եռագույնը, ազատագրենք մեր հայրենիքը միասին»:
Նախախորհրդարանի անդամները վանաձորցիներին բաժանեցին կանաչ թերթիկներ` հետադարձ կապի եւ առաջարկությունների համար: Մարդիկ նաեւ գրանցվում էին ցուցակներում եւ թողնում իրենց տվյալները: Նախախորհրդարանի անդամ, բնապահպանական ակտիվիստ Հասմիկ Էվոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ օրվա ընթացքում 150 վանաձորցու՝ միանալու  պատրաստակամությունն արդեն իսկ մեծ առաջընթաց է:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս