ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ կառավարության շենքի դիմաց պառկել էր 37-ամյա կին, ով հանդիպում էր պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Պարզվեց, որ նա «Գլենդել Հիլզ»-ից տուժած մարդկանցից է, ում բնակարանը գերակա շահ է ճանաչվել: Ավելի ուշ վարչապետն ընդունեց նրան՝ խոստանալով հարցը պահել իր ուշադրության կենտրոնում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ են ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք մասնակցել կուտակային բաղադրիչին:

Կարինե Հարությունյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հանդիսանում վարձու աշխատողները, նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը: Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից: Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկամուտ, չի կատարում նաեւ նպատակային սոցիալական վճարներ: Մասնակցի կյանքում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսումնառության, պարտադիր զինվորական ծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի եւ այլ ժամանակահատվածները:
Եթե կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թ հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացին համարվում է գործազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի «պասիվ մասնակից»: Սա նշանակում է, որ այն պահին, երբ քաղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ ստանա բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկատարի նպատակային սոցիալական վճարներ:
Սակայն մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում (18.000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) դեկրետային արձակուրդում գտնվող մասնակցի համար կատարվում է նպատակային սոցիալական վճար՝ ամսական 8000 դրամ, որից 5000 դրամը կատարում է պետությունը, իսկ 3000 դրամը՝ գործատուն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է բնակելի տարածության օգտագործման իրավունքը: Եվ հետաքրքիր է իմանալ՝ կարո՞ղ է արդյոք բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձը բնակեցնել իր ընտանիքի անդամներին:

Արտակ Նիկողոսյան (54 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքը անձի՝ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-188-Ն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի հիման վրա բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռք բերած անձանց հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ նրանց ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները): (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ բնակելի տարածության կարիք ունեցող անձին կացարանը եւ այլ սոցիալական ծառայություններ տրամադրվում են դիմողի եւ սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկումն իրականացնող կազմակերպության միջեւ N 1 ձեւի համաձայն կնքված պայմանագրի հիման վրա:




Լրահոս