Հայաստանում քաղաքական գործիչները ինքնահաստատվելու բարդույթ ունեն. նրանց անպատասխանատու կեցվածքի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցությունների միասնական թեկնածուներին որոշելու համար անցկացվող նախնական քվեարկություններից հերթականը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Նյու Հեմփշիր նահանգում: Այս նահանգի քվեարկությունը ջախջախիչ անակնկալներ մատուցեց Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների «բոսերին»: Երկու կուսակցություններում տպավորիչ հաղթանակներ են տարել «օտարածին» համարվող Դոնալդ Տրամփը եւ Բեռնի Սանդերսը: Չափազանց հետաքրքրական է, որ փետրվարի 6-ին կայացած մեծ բանավեճը այս անգամ եւս ունեցավ անմիջական ազդեցություն քվեարկության արդյունքների վրա, ինչը միանշանակորեն խոսում է գործընթացի` իրապես ժողովրդավարական լինելու մասին:

Այն, որ թեկնածուների միջեւ բանավեճը ԱՄՆ-ում խիստ կարեւորվում է, ապացուցված է մի շարք կոնկրետ հանգամանքներով: Բանավեճերի ժամանակ ակնհայտ է դառնում թեկնածուների տարբերությունը, երբ առանց կաշկանդվելու քաղաքական գործիչը կարող է դիմացինին հարցապնդում ներկայացնել` դիտորդի համար հնարավորություն ստեղծելով բացահայտել ճշմարտությունը: Հարկ է նկատել, սակայն, որ բանավեճերը կարող են նաեւ թյուր տպավորություն ստեղծել, որի արդյունքում առավել լավ հռետորը, իր թույլ պատասխաններով հանդերձ, կարող է հաղթել հիմնավոր փաստեր ներկայացնող, սակայն դրանք մեկնաբանելու դժվարություն ունեցող գործչին: Արդ, փետրվարի 6-ին Նյու Հեմփշիրում կայացած Հանրապետականների բանավեճը լիովին տեղավորվում է այս տրամաբանության շրջանակներում:

Դոնալդ Թրամփը, որն անվիճելի հռետոր է, սակայն գործնականում թույլ պլատֆորմ ունեցող, բանավեճի ճկուն կարողություններով հաղթում է ցանկացած մրցակցի: Այդպիսի մի դրվագ էր Ջեբ Բուշի հետ թեժ վեճը, որի ընթացքում Թրամփը ձեռքի շարժումով հրահանգել էր Ֆլորիդայի նախկին նահանգապետին լռել: Մեկ այլ ազդեցիկ պահ էր արձանագրվել, երբ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստին Ֆլորիդայից սենատոր Ռուբիոյին հանդիմանել էր 25 վայրկյանանոց խոսք անգիր անելու ու հազար անգամ կրկնելու համար, ինչը խորը ազդեցություն էր ունեցել ընտրողների վրա: Եվ, ահա, փետրվարի 9-ի քվեարկության արդյունքներով Թրամփը կրկնակի առաջ է երկրորդ տեղը զբաղեցրած Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքից, որին հաջորդում են Այովայի հաղթող Թեդ Քրուզն ու Բուշը: Այս քվեարկությունը իսկական ֆիասկո էր Ռուբիոյի համար, որի խորհրդականները կանխատեսում էին նվազագույնը երկրորդ տեղը իրենց թեկնածուի համար: Բանավեճի ժամանակ վերոհիշյալ դրվագը խիստ բացասաբար ազդեց Ռուբիոյի վրա` վանելով մեծաթիվ ընտրողների: Այդպիով` Հանրապետականների ներկուսակցական ընտրարշավը հանգել է որոշակի հանգրվանի, երբ իրական պայքարը գնում է արդեն 5 թեկնածուների միջեւ, եւ, ահա, փետրվարի 20-ին Հարավային Կառոլինայի քվեարկությունը խոստանում է ավելի եւս սահմանափակել թեկնածուների քանակը:

Դեմոկրատների մոտ պատկերը որոշակիորեն խճճվել է: Նյու Հեմփշիրում Հիլարի Քլինթոնը ծանր պարտություն է կրել` 60/40 հարաբերակցությամբ: Սոցիալիստի համբավ ունեցող 74-ամյա Բեռնի Սանդերսը, որին ոչ ոք լուրջ չէր ընդունում իբրեւ Քլինթոնին ձեռնոց նետող, այսօր արդեն քայլում է հավասարը հավասարի պես: Քլինթոնն ընդունել է իր պարտությունը եւ նկատել, որ հիմնական խնդիրը երիտասարդությանը իր խոսքը հասցնելու մեջ էր: Արժեքների հեղափոխություն խոստացող, քաղաքականությունը փողից մաքրելու կոչեր անող Բեռնի Սանդերսը ազատամիտ Նյու Հեմփշիրում իր կողմն էր գրավել հատկապես երիտասարդ քվեարկողներին, ինչն էլ վճռական նշանակություն ունեցավ նրա հաղթանակի համար: Սակայն Քլինթոնը չի հուսահատվում, քանզի նա ինքն էր ժամանակին Նյու Հեմփշիրում հաղթել Բարաք Օբամային, սակայն այդպես էլ անկարող էր եղել միասնական թեկնածու ընտրվել: Ամերիկյան վերլուծաբանները պնդում են, որ փետրվարյան ընտրություններն իրական պատկերը չեն տալիս այնպես, ինչպես մարտ ամսին կայանալիք քվեարկությունները: Բացի այդ, վերլուծաբաններն առավել հավանական են համարում, որ Սանդերսի` ժողովրդահաճո խոստումները աստիճանաբար ավելի տաղտկալի դառնալու հավակնություն ունեն: Չպետք է մոռանալ նաեւ, որ Ֆիլադելֆիայի մեծ համաժողովի համար Քլինթոնը ունի նաեւ «սուպերլիազորների» մի ստվար բանակ, որոնք կաշկանդված չեն լինելու նահանգային քվեարկությունների արդյունքներով:

Հայացք ձգելով մեր իրականության վրա` տեսնում ենք, որ նախագահական ընտրություններին հաճախ մասնակցել են թեկնածուներ, որոնք 1 տոկոսի ձայն անգամ չեն ունեցել: ԱՄՆ-ում, օրինակ, այդպիսի թեկնածուներ եւս եղել են, որոնք հապճեպորեն լքել են պայքարը` քաջ գիտակցելով, որ որեւէ շանս չունեն: Օրինակ` Նյու Հեմփշիրում 7 տոկոս հավաքած Քրիստին եւս կարծես մտադրվել է դուրս գալ ընտրարշավից: Իսկ Հայաստանում նման տոկոսներ ունեցող թեկնածուն հազիվ թե կհեռանար կամ կսատարեր այլ թեկնածուի: Կարելի է կարծել, որ մեզ մոտ քաղաքական գործիչների մեծամասնությունն ինքնահաստատման բարդույթ ունի, քանզի դժվար է հասկանալ այն գործչին, որը 1-2 տոկոս ձայն է ստանում, բայց մինչեւ վերջ գնում է քվեարկվելու: Ի դեպ, վերջին նախագահական ընտրություններում անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակն ավելի շատ է եղել, քան 3-5-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների ստացած ձայները, սակայն այդ 5 հոգուց ոչ ոք երբեւէ չէր էլ մտածել ընտրապայքարից դուրս գալու մասին: Այստեղ էլ հենց դրսեւորվում է մեր քաղաքական համակարգի անկատարությունը, որն առաջին հերթին սկիզբ է առնում հայրենի քաղաքական գործիչների անպատասխանատու կեցվածքից:

Ն. Հովսեփյան




Լրահոս