Էթիկայի հանձնաժողովը մերժել է Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումի քննարկումը թիվ 07 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ:
Հանձնաժողովն իր որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ դիմումում առկա են միայն պնդումներ Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին, “սակայն բացակայում է այդպիսի խախտումը (խախտումները) հավաստող որևէ առեևրույթ հիմնավորում (խախտումը հավաստող փաստաթուղթ, այդ թվում ապացույց)”:
Հիշեցնենք, որ 24.05.2013թ ԹԻՀԿ-ն դիմել էր Հանձնաժողովին, խնդրելով քննության առնել Երևանի ավագանու ընտրություններին թիվ 8/08 ընտրատեղամասում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացին միջամտելու և տեղամասում “կարգուկանոն հաստատելուն” ուղղված վարքագծի համապատասխանությունը պատգամավորի էթիկայի կանոններին և, որպես ապացույց, հղում էր կատարվել համացանցում առկա տեսանյութին1:
Հանձնաժողովը նշված տեսանյութը համարել է “Դիմումի պնդումների հետ որևէ կապ չունեցող”, մինչդեռ տեսանյութից ակնհայտ է, որ պատգամավորը ընտրատեղամաս է եկել ընտրական գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչը հաստատում է անձամբ ինքը՝ պատգամավորը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
“Թրանսփարենսի Ինթերներշնլ” հակակոռուպցիոն կենտրոն




Լրահոս