ԿՐԱԿՈՂՆԵՐԻ «ԽՈՍՆԱԿԻՑ» ԴԱՐՁԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընթացող զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քաղաքական դաշտի հիմնական խնդիրը հիշողության բացակայությունն է: Օրինակ` մարդիկ կարող են իշխանությունում պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, մասնակցել այնպիսի խայտառակ գործընթացի, ինչպիսին Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպումն է, այնուհետեւ մի քանի տարի անց լրագրողների առաջ չքմեղանալ, թե ես փորձում էի կանխել Մարտի 1-ը: Այսինքն` այս մարդիկ բավական չէ, որ իրենց հաշիվ չեն տալիս, դեռ կարծում են, թե Հայաստանի ընտրողը տառապում է հիշողության կորուստով: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե նման կերպարների գոյությունը պետք է ոչ մեկին չմտահոգի, քանի որ նրանք, ի վերջո, իրենց արժանի տեղը քաղաքական աղբանոցում զբաղեցնելու են: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս մարդիկ, երբ սկսում են իբրեւ ընդդիմություն ներկայանալ եւ նրանց շուրթերից հնչում են «ժողովրդավարություն», «ազատ եւ արդար ընտրություններ», «արդարություն» բառերը, ՀՀ քաղաքացու աչքերում սկում են արժեզրկվել այդ հասկացությունները: Բայց բարոյականության նշույլի առկայության դեպքում ենթադրվում է, որ Մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պետք է նախընտրեր հանրության աչքին չեւերալ, որպեսզի իր մասին մարդիկ մոռանան: Սակայն նա փորձում է եղելությունն այնպես ներկայացնել, թե իբր ինքը Մարտի 1-ի «խաղաղության աղավնին» է եղել:
Հիշեցնենք, որ նույն Օսկանյանը 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 19:00-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ու բառացի հայտարարեց. «Ընտրությունը հետեւյալի մեջ է՝ ավելի մեծ իմիջին վնաս հասցնել` թողնելով, որ այդ մարդիկ անկարգություններ անեն, թե օրենքի շրջանակներում ինչ-որ քայլեր անել եւ դրանով սահմանափակել այն վնասը, որը պետք է հասցվեր Հայաստանի իմիջին: Փողոց դուրս եկած մարդիկ անկարգություններ են իրականացնում եւ ունեն ըմբոստության դրսեւորումներ»: Եւ Քոչարյանը լռեցրեց ըմբոստներին՝ կրակելով, բանտերը լցնելով, Օսկանյանի այս խոսքերից հետո:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի «անցկացնելու» գործն իր վրա է վերցրել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը կամ նույն ինքը` Ֆլեշ Բարսեղը: Սովորաբար Հրազդանի հետ կապված գործերը Բեգլարյանը վստահում է իր փեսային՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսայիմ հսկողության վարչության պետ, ծագումով հրազդանցի Սամվել Սանամյանին: Հրազդանի քաղաքապետի նախորդ ընտրություններում եւս Ա. Դանիելյանին օգնել են նույն Ֆլեշ Բարսեղն ու նրա փեսան: Շրջանառվող լուրերի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո Դանիելյանը, որպես փոխհատուցում, Ֆլեշ Բարսեղին հողատարածքներ կամ քաղաքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույք է տալիս: Նախորդ ընտրություններից հետո, օրինակ, Ծաղկաձոր մտնող ճանապարհի ձախ հատվածում «Արարատ» անունով ռեստորան բացվեց: «Ժողովուրդ»-ը փորձեց Բարսեղ Բեգլարյանից մեկնաբանություն ստանալ վերը բերված լուրերի առնչությամբ, սակայն ապարդյուն:

 

 

 
ԲՀԿ-ի ներսում ծավալված խմորումները շարունակում են զարգանալ: Ինչպես հայտնի է՝ կուսակցության ներսում երկու թեւ է ձեւավորվել, որոնցից մեկը կուսակցության նախագահ Նարիա Զոհրաբյանի կողմնակիցներն են: Մյուս թեւը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կողմնակիցներն են: Կողմերի միջեւ ծավալված դիրքային պայքարի առաջին փուլի արդյունքներով Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց կասեցնել իրեն պաշտոնանկ անելու նպատակով սկսված գործընթացը եւ կուսակցության կառավարման ղեկն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ի կառավարումը մասերի էր բաժանվել. ֆինանսական մասը թողնվել էր Աբրահամ Մանուկյանին: Սակայն ներկայումս այդ գործընթացը եւս Զոհրաբյանն է վերահսկում: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանը իր անձի հետ կապված «վտանգավոր» իրավիճակներում նախընտրում է Հայաստանից հեռանալ: Այս անգամ եւս նույն կերպ է վարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս նա գտնվում է Մոսկվայում:

 

 

 
ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել: Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց է: Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում քրեական հեղինակությունների մի մասն իշխանությունների առջեւ ստանձնած իր պարտավորությունները չկատարեց, եւ նրանց ինչ-որ բաներ հասկացնելու անհրաժեշտություն կա: Իսկ թե իրականում ինչ նպատակ ունի գործընթացը, դժվար է ասել: Համենայնդեպս, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել. նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ` առանց ղեկավարների:

 

 

 
ԶԱՎԵՇՏԱԼԻ Է

Ինչպես հայտնի է` նոր ընտրական օրենսգրքի հեղինակները նախագծում չներառելով ընդդիմության ամենակարեւոր պահանջներից մեկը` ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը, մատնանշում են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական դիրքորոշումն այս հարցի շուրջ, ինչպես նաեւ մեջբերում ՀՀ Սահմանադրական դատարանի` 2012թ. մայիսի 5-ի որոշումը, որով, ըստ ՀՀԿ ներկայացուցիչների, ստորագրված ընտրացուցակների հրապարակումը համարվում է հակասահմանադրական:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ՍԴ նշված որոշման հետ կապված առկա են տրամագծորեն հակառակ ընկալումներ ընդդիմության եւ բազմաթիվ սահմանադրագետների մոտ, որոնք վստահեցնում են, որ ՍԴ որոշման մեջ չկա ցուցակների հրապարակման վերաբերյալ որեւէ բացարձակ արգելք, անդրադառնանք Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումներին, որոնք, որպես հիմնավորում, հիշատակված են նաեւ ՍԴ որոշման մեջ:
Մասնավորապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դեռեւս փետրվարին հրապարակված իր զեկույցում հետեւյալ առաջարկությունն էր արել.«Բարելավել ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը եւ ձգտել հասնել փոխհամաձայնության` արդյունավետ լուծումների վերաբերյալ՝ անդրադառնալով հարատեւող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ։ Որպես տարբերակ կարող է դիտարկվել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը»։
Ինչպես տեսնում ենք՝ այն նույն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, որի բացասական դիրքորոշումը ՀՀԿ-ականները նեկայացնում են որպես հիմնավորում, հենց ինքն է առաջարկել դիտարկել ցուցակների հրապարակումը որպես ընտրախախտումների դեմ արդյունավետ գործիք:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, որի եզրակացություններն, ի դեպ, ունեն խորհրդատվական նշանակություն, եւ այդ մասին իշխանություններն իրենց հարկ եղած դեպքերում հիշում են, սակայն հիմա ներկայացնում որպես վերին ատյանի ճշմարտություն, ապա Հայաստան այցելած հանձնաժողովի անդամները երեկ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումների ընթացքում ասել են, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն ցուցակների հրապարակմանը:
Այդպիսով` ինչ է ստացվում. ՀՀԿ ներկայացուցիչները լալահառաչ հատարարություններ են անում, թե չեն կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումները, որոնք ցուցակների հրապարակմանը դեմ են, ու մեկ էլ` պարզվում է, որ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը առանձնապես դեմ չեն ՀՀ իշխանությունների վերարտադրությունը կասեցնող այդ տարբերակին: Իսկապես զավեշտալի է:




Լրահոս