ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐՈՆԻ ԷԹԻԿԱՆ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը երեկվանից սկսել է ուսումնասիրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը: Հիշեցնենք, որ հուլիսին քաղաքապետի որոշմամբ բարձրացվեց մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Այնուհետեւ բացահայտվեց ու փաստաթղթերով հիմնավորվեց, որ քաղաքապետը եւս գծատեր է, ուստի իր որոշմամբ նպաստում է, որ սեփական բիզնեսը գերշահույթներ ստանա: Ասել է թե՝ իր դիրքն օգտագործել է սեփական շահի համար: Ի դեպ, էթիկայի հանձնաժողովը հակակոռուպցիոն կենտրոնին տեղեկացրել է, որ Տ. Մարգարյանն օրենքով սահմանված կարգով կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին պարզաբանում ստանալու նպատակով չի դիմել իրենց: Այսինքն՝ արդեն խախտել է օրենքը: Մնում է՝ հանձնաժողովն իր մեջ այնքան քաջություն ունենա, որ բացահայտի կատարվածը:

ԳՈ՛ՐԾ ԱՐԵՔ
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն օրերս, անդրադառնալով ԱԺ ընդունած «Գենդերի մասին» օրենքի վիճահարույց դրույթներին, ըստ էության, պատասխանատվությունը բարդել էր ԲՀԿ-ի վրա` ասելով, որ այդ նախագծի համար գլխադասային են եղել ԱԺ եվրաինտեգրման եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները: Նշենք, որ այս երկու հանձնաժողովների նախագահներն էլ ԲՀԿ-ից են՝ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը: «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեց Ն. Զոհրաբյանից: «Եթե իրապես նման բան ասվել է, ապա դա պարզապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը տվյալ նախագծի դեպքում չի եղել գլխադասային: Իսկ ընդհանրապես ինձ զարմացնում է, որ, օրենքի նախագծի հեղինակներին թողած, փորձ է արվում տարբեր տեղերում եւ վայրերում մեղավորներ փնտրել օրենքում սպրդած տխրահռչակ ձեւակերպման համար,-ասաց նա՝ հավելելով,-ինչեւէ, ես եւ Էլինար Վարդանյանը ներկայացրել ենք փոփոխություն, որն իսպառ հանում է այդ վիճելի դրույթը: Այնպես որ, մեղավորներ փնտրելու եւ մեղավորներ հռչակելու փոխարեն, լավ կլինի, որ մյուս պատգամավորները միանան ու պաշտպանեն մեր օրենսդրական առաջարկը»:

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ  ԿԱՅԱՑԱՎ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երեւանի պատվիրակությունից «Ժողովուրդ»-ը երեկ  տեղեկացավ, որ Բաքվի իրենց պատվիրակությունը հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ: Հակոբի եղբայր` Հարութ Ինջիղուլյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրուցում տեղեկացրեց, որ եղբայրը ԿԽՄԿ-ի միջոցով երկտող է փոխանցել. «Գրել է՝ մի՛ անհանգստացեք, ես շատ լավ եմ, եւ ինձ այստեղ շատ լավ են վերաբերվում: Ասում է, որ  ամեն ինչով ապահովել են, բժիշկներն են զննել»: Թե ինչեր են ձեռնարկվում՝ փոխանակության հետ կապված, կամ ինչ տեղեկություն կա Հակոբ Ինջիղուլյանի առողջական վիճակի մասին, ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակից որեւէ բացատրություն չտվեցին:




Լրահոս