«Ասում են՝ իրավասու չեն, բա եթե իրավասու չեն, ու՞մ դիմեմ, Օբամայի՞ն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց այսօր «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի անդամները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ դեռ 2007 թվականից՝ սկզբնական շրջանում, Արմեն  Թադեւոսյանի եւ  Լուսաբեկ Սամվելյանը նախաձեռնությամբ շենքի կառուցապատումը ընթանում էր բնականոն հունով, սակայն  կառուցապատողները սկսել են դիմել զանազան խարդախությունների:

«Հետո կառուցապատողները երեւի մտածեցին, որ գումարի պակաս  ունեն ու սկսեցին տարբեր ուղղություններով գումար հայթայթելու փորձերը՝ տոկոսով մեծ գումարներ են վերցնել՝ 150 հզր, 300 հզր, մեքենայի առք ու վաճառք, եւ որպես երաշխիք մեր բնակարաններն են գրավադրել.  փոխանակ գրավի պայմանագիր կապեին, կապեցին առք ու վաճառքի պայմանագիր ու ձևակերպումն արեցին այն դեպքում, երբ շենքը դեռ կիսակառույց էր, բնակարանները նույնիսկ գոյություն չունեին»:

13169791_1189298621110187_261827226_o

Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը այժմ իրենց պատիժն են կրում համապատասխան քրեակատարողական հիմնարկում մի շարք քաղաքացիներին իրենց կոոպերատիվի կողմից կառուցվող բնակարանները վաճառելու, հետագայում այդ նույն բնակարանները այլ անձանց մոտ գրավ դնելու մեղադրանքով:

Բնակարանները այժմ տարբեր մարդկանց են պատկանում, եւ բնակիչների պնդմամբ` այդ մարդկանց թվում է նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Բնակիչները բազմիցս նմանատիպ ակցիաներ են կազմակերպել վարչապետի, նախագահի աշխատակազմի հետ հանդիպելու եւ խնդրին լուծում տալու պահանջով, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չեն ստացել:

«Ասում են՝ իրենց իրավասություններից դուրս է. այսքան տարի է չլվում ենք դատարաններով ու ոչ մի արդյունք. եթե դատական, իրավական համակարգը չի աշխատում, ասում են, որ իրավասու չեն, գնամ, ու՞մ դիմեմ. Օբամայի՞ն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:




Լրահոս