Հովիկ Աբրահամյանի մտքի «գոհարները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզեր: Տավուշի մարզում վարչապետը եղել է Բագրատաշենի նոր կառուցվող սահմանային անցակետում, ծանոթացել կատարվող աշխատանքներին, Զորական գյուղում այցելել է Արցախում զոհված Գարիկ Մովսիսյանի ընտանիքին:

Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին սպասում էին քաղաքի Ազատության հրապարակում: Սակայն վարչապետը հայտարարվածից մեկ ժամ ուշ եկավ, նրա ժամանումից անմիջապես հետո տեղատարափ անձրեւ սկսվեց, ուստի հանդիպումը կայացավ քաղաքի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում:

Հանդիպման ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ Նոյեմբերյանի սեփականաշնորհված հողերը գտնվում են Ադրբեջանի սահմանագոտում, ուստի Նոյեմբերյան քաղաքը պետք է ավելացնել Տավուշի մարզի սահմանամերձ, արտոնություններից օգտվող 24 համայնքների ցանկին: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դա բյուջեի համար լրացուցիչ բեռ կլինի, հավաստիացրեց, որ հարցը կառավարությունում կքննարկվի, սակայն չխոստացավ այն լուծել:

Վարչապետն անդրադարձավ Արցախին եւ Հայաստանի սահմանագոտուն՝ կարեւորելով ազգի համախմբումը: Նա ասաց. «Ադրբեջանցիների կարծիքով` 2 օրում պիտի Ստեփանակերտը ազատեին: Իրենց ծրագիրը դա է եղել, ժողովո՛ւրդ: Եվ այդ անսպասելի, նենգ հարձակումը ձախողվեց»: Տարակուսելի է, թե ինչու, խոսելով ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտը գրավելու մտադրության մասին, վարչապետն օգտագործեց «ազատել» բառը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի սոցիալական խնդիրները լուծելու համար իրենք ձգտում են եղած սակավ ռեսուրսներն արդյունավետ օգտագործել եւ ներկաներին խորհուրդ տվեց չհավատալ «պատվիրատու լրատվամիջոցներին», որոնք կեղծ տեղեկություններ են հրապարակում:

Նա հավաստիացրեց, որ իրենք հետեւում են մամուլի օբյեկտիվ հրապարակումներին, պաշտոնը, լիազորությունները չարաշահող պաշտոնյաները պատժվում են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում եւ այդ պաշտոնյաները դատապարտվում են` այդպես էլ չներկայացնելով վերջին շրջանում դատապարտված գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն: Նոյեմբերյան քաղաքից հետո վարչապետն ու նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի եւ Ոսկեվան գյուղեր:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս