ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արագածոտնի մարզում անչափահաս աղջկա ինքնասպանության դեպք է գրանցվել:
Ինչպես հայտնի է, 2016 թվականի մայիսի 14-ին իրենց տան տանիքում հայտնաբերվել է 2000 թվականի հունիսին ծնված աղջկա դիակը՝ կախված: Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպան է եղել 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10-ի սահմաններում, տան տանիքում փայտից պարանով կախվելու միջոցով: Անչափահասի հագին եղած վերնազգեստի աջ գրպանից հայտնաբերվել է երկտող՝ «Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…», որտեղ աղջիկը ներկայացրել է իր՝ նման քայլի գնալու պատճառները:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Ինքնասպանություն գործած անչափահասի հարազատները չեն կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր նրան նման քայլի դրդել: Նրա համագյուղացիները մասնավոր զրույցներում նշում են, որ աղջիկն առողջական խնդիրներ չուներ, և այդ տարիքում դժվար է պատկերացնել այնպիսի լուրջ խնդիրներ, որոնք կարող էին ինքնասպանության հասցնել:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ անչափահաս աղջիկն այդ քայլին է դիմել իր սիրեցյալի պատճառով: Ասել է, թե ինքնասպանության դիմելու պատճառը դժբախտ սերն է եղել: