ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա ուսումնական նռնակ նետելու գործը կարճվեց:
Հիշեցնենք, որ նռնակը Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նետել էր Երեւան քաղաքի բնակիչ Հովհաննես Մուրադյանը, ով նախկինում հաշվառված է եղել Ավանի հոգեբուժարանում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի խուլիգանություն եւ 268 հոդվածի առաջին մասի թմրանյութ հատկանիշներով: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, եւ նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկա՝ հարկադիր բուժման: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Սակայն այս պատմությամ մեջ մեկ ուշագրավ փաստ կա, որը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Ինչու է ՀՀ քննչական կոմիտեն թմրանյութի պահելու հատկանիշներով եւս քրեական գործ հարուցել Հովհաննես Մուրադյանի նկատմամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչները արձանագրել են, որ Հովհաննես Մուրադյանի գրպանում դեպքի օրը թմրանյութ է հայտնաբերվել: Հովհաննեսն ասել է, որ ինքը թմրանյութ չի օգտագործում, այլ 7 տարի առաջ է կյանքում առաջին ու վերջին անգամ կանեփի չափաբաժինը «համտեսել»: Ավելին՝ նա իրավապահներին զայրացած հայտնել է, թե՝ դուք եք թմրանյութը գցել իմ գրպանը, ես չեմ օգտագործում:
Դե, իհարկե, իրավապահները Մուրադյանի հայտարարությունը եւ ցուցմունքը հիմք չեն համարել եւ թմրանյութ օգտագործելու մասով փորձաքննություն են նշանակել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անգամ նշանակված փորձաքննությունը բացասական արդյունքով է ավարտվել. փորձագետները պաշտոնապես եզրակացություն են տվել այն մասին, որ Հովհաննես Մուրադյանը թմրանյութ չի օգտագործում:
Իսկ թե ինչպես եւ ինչու է թմրանյութը հայտնվել նրա գրպանում, թերեւս դժվար չէ կանխատեսել. իրավապահների մոտ պոտենցիալ հանցագործների գրպանում ինչ-որ բան «գցելը» հին ու վատ սովորույթ է, որից ձերբազատվել դեռ չի ստացվում: Բա էլ ինչպե՞ս ճնշեն հանցագործին՝ ցանկալի ցուցմունքներ տալու համար:
Քնար Մանուկյան