ՀԱՆՈՒՆ ԼՂՀ-Ի
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ գրեթե բոլոր պետական կառույցների՝ նախարարությունների եւ բուհերի աշխատակիցներին վերջին շրջանում պարտադրում են գնել 2000 դրամ արժողության ԼՂ վիճակախաղի տոմս: Նախարարություններում նույնիսկ կա ցուցակ, որտեղ գրված է, թե որ աշխատակիցը քանի տոմս պետք է գնի: Նույնն է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Այստեղ, օրինակ, ամբիոնի վարիչին պարտադրում են գնել 5 հատ տոմս, դասախոսին՝ երեք, իսկ լաբորանտին՝ երկու: Իսկ տոմսի հմայքը հետեւյալն է. այնտեղ գրված է՝ մասնակցելով վիճակախաղին՝ դուք կնպաստեք ԼՂ վերաբնակեցման պետական ծրագրի իրագործմանը: Նկատենք, որ տոմսի վրա չկա գրված լիցենզիայի համար, ընկերության անուն, հեռախոսահամար: Միայն հայտնի է, որ առաջին վիճակախաղը կկայանա դեկտեմբերի 28-ին, իսկ թե որ ժամին, կրկին պարզ չէ: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Ագրարայինի մամուլի պատասխանատու Անի Խուդավերդյանի հետ, որն ասաց. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ոչ ոք ոչ մեկի չի կարող ստիպել, որ այդ տոմսը գնի: Ով որ ձեռք է բերում այն, միայն մի մտայնությամբ՝ նպաստել Արցախի տնտեսության զարգացմանը»:
ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԵՆ
Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ հանդիպել իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկների հետ եւ հնչեցված հարցերի կոնկրետ լուծումներ առաջարկել: Բայց հերթական անգամ չպահելով խոստումը՝ նա ընդամենը ազատամարտիկներին «փոխանցեց» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Վերջինս էլ խոստացավ, որ կառավարությունն ազատամարտիկների պահանջների հիման վրա առաջարկների փաթեթ կմշակի եւ կուղարկի խորհրդարան: Իսկ ահա երեկ ազատամարտիկները հանդիպեցին ՀՀ ՊՆ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ: Այս անգամ էլ հնչեցին նոր խոստումներ, բայց ազատամարտիկները համոզված են, որ սայլը տեղից չի շարժվում: Փորձը ցույց է տալիս, որ այդ խոստումները մնում են միայն թղթերի վրա կամ օդից կախված: Թեեւ մոտ տասն օր անց ազատամարտիկները նորից հանդիպելու են հանձնաժողովի անդամների հետ:
ՀԵՍԱ ԿՍՏՈՐԱԳՐԵՆՔ
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն օգոստոսի 29-ին հայտարարել էր, թե գազի սակագնի սուբսիդավորման հարցի շուրջ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Սակայն այն ժամանակ նախարարը չէր մանրամասնել, թե կոնկրետ որտեղից պետք է հատկացվեն գումարները: Երեկ «Ժողովուրդ»-ը հարցրեց` որտեղից են գտել գումարները: «Առաջիկայում կասեմ: Հեսա ստորագրենք հայտարարությունը, կասենք»,-ասաց նա: Մեր հարցին, թե ում հետ են ստորագրելու, նախարարը պատասխանեց. ««Գազպրոմ»-ի հետ»: Իսկ սուբսիդավորման համար ֆինանսական միջոցները, ըստ նրա, լինելու են ռուսական կողմի հաշվին, եւ այդ հարցը կարգավորվելու է ՄՄ-ին անդամակցելու համատեքստում: